Գիտնականները նոր մեխանիզմ են հայտնաբերել, որի միջոցով այսպես կոչված «ցատկող գեները»՝ ԴՆԹ-ի ռետրոտրանսպոզոններ անունով հայտնի շարժական հատվածները, կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը։
Այդ տարրերը, որոնցից մի քանիսը կոչվում են LINE-1, ավանդաբար համարվում էր, որ ունակ են միայն իրենց պատճենել և պատճեններ տեղադրել գենոմի տարբեր մասերում, երբեմն մուտացիաներ առաջացնելով։
Սակայն Cancer Discovery բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանց ազդեցությունն ավելի լայն է և ավելի բարդ։
LINE-1-ը մարդու գենոմի ամենատարածված ռետրոտրանսպոզոններից մեկն է։ Նորմալ բջիջներում LINE-1-ը ճնշվում է, սակայն քաղցկեղի բջիջներում այն հաճախ ակտիվանում է։ Հետազոտողները մշակել են քրոմատինի կառուցվածքը (ԴՆԹ-ի կազմակերպումը եռաչափ տարածության մեջ) վերլուծելու հատուկ եղանակ, որը հնարավորոթյուն է տվել նրանց ուսումնասիրել՝ ինչպես են ակտիվացված LINE-1 տարրերը փոխազդում շրջակա քրոմատինային միջավայրի հետ։
Գիտնականները հայտնաբերել են, որ LINE-1-ի որոշ էվոլյուցիոնորեն «երիտասարդ» շրջանների արտադրած ՌՆԹ-ն մնում է կապված քրոմատինի հետ և բառացիորեն վերակառուցում է գենոմի եռաչափ կառուցվածքը: Այդ փոփոխությունները ԴՆԹ-ի շրջանները, որոնք սովորաբար գտնվում են միմյանցից հեռու, մոտեցնում են միմյանց՝ ստեղծելով նոր ֆիզիկական «շփումներ»: Դա հանգեցնում է քաղցկեղի բջիջների արագ աճին և բաժանմանը նպաստող գեների ակտիվացմանը։
Գիտնականների թիմն այդ ակտիվ կառուցվածքային հանգույցներն անվանել է HILL (highly interactive LINE‑1 loci): Այդ շրջանները գործում են որպես «կարեր», կապելով քրոմատինի տարբեր մասերը և բարենպաստ միջավայր ստեղծելով օնկոգենների՝ ուռուցքի աճը խթանող գեների արտահայտման համար։
Կարևոր է, որ LINE-1-ի ազդեցությունը քաղցկեղի վրա գերազանցում է պարզապես մուտացիաների ներմուծումը: Գիտնականների բնորոշմամբ՝ հիմքում ընկած մեխանիզմը գենոմի եռաչափ ճարտարապետության փոփոխությունն է, ինչը հանգեցնում է քաղցկեղի գեների ավելի ուժեղ և կայուն ակտիվացմանը, քան նորմալ բջիջներում: Ուսումնասիրված քաղցկեղի գրեթե բոլոր նմուշները LINE-1 ակտիվացում և HILL կառուցվածքների ձևավորում են ցույց տվել։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս հայտնագործությունը կարող է փոխել մեր պատկերացումները ուռուցքաբանության մեջ «ցատկող գեների» դերի մասին և օգնել մեզ հասկանալ՝ ինչու է քաղցկեղն ավելի արագ զարգանում կամ որոշ բուժառուների մոտ ավելի դիմացկուն է թերապիայի նկատմամբ: Ապագայում, ասում են գիտնականները, դա կարող է հանգեցնել ախտորոշման և գենոմի տարածական կազմակերպման կարգավորման վրա կենտրոնացած բուժման նոր մոտեցումների:






