Սոցիալական ցանցերում արագորեն ժողովրդականություն է ձեռք բերում oatzempic կոչվող ըմպելիքը, որը պատրաստվում է ջրով և աղացած վարսակի փաթիլներով: Բլոգերները «երաշխավորում են» քաշի արագ նվազում և հագեցածության զգացում՝ ներկայացնելով այն որպես դեղամիջոցների «բնական այլընտրանք»: Սակայն գիտությունն այս հարցում քիչ լավատեսություն ունի, հայտնում է The Conversation պորտալը:
Իրականում oatzempic-ը բոլորովին էլ պանացեա չէ: Տեսանյութերում բլոգերները ցուցադրում են, թե ինչպես են մեկ-երկու ճաշի գդալ վարսակի փաթիլները խառնում ջրի կամ հյութի հետ, երբեմն ավելացնելով կիտրոնի հյութ կամ դարչին: Այս ըմպելիքն առաջարկվում է խմել նախաճաշի փոխարեն կամ օրվա երկրորդ կեսին՝ երեկոյան չափից շատ ուտելուց խուսափելու համար:
Գիտնականները բացատրում են, որ այս կոկտեյլից հետո իսկապես հագեցվածության զգացում է առաջանում, քանի որ վարսակը հարուստ է բետա-գլյուկանով. այս լուծվող բջջանյութը ջրի հետ շփվելիս առաջացնում է գելանման զանգված՝ դանդաղեցնելով մարսողությունը: Ինչը թույլ է տալիս ավելի երկար պահպանել ստամոքսի լիության զգացումը, նվազեցնել ախորժակը, մեղմել արյան մեջ շաքարի տատանումները և նպաստել սրտի առողջությանը:
Սակայն սննդաբանները գիտեն, որ նմանատիպ ազդեցություն ունեն նաև խնձորը, ցիտրուսային մրգերը, կտավատի սերմերը, գարին, լոբազգիները և պսիլիումը (եզան լեզվի սերմի թեփուկ): Բացի այդ, հագեցածության զգացումից բացի, անհրաժեշտ է նաև հավասարակշռված սնունդ, սթրեսների բացակայություն, հնարավորինս շատ շարժում և որակյալ քնի առկայություն:
Այս մեթոդի վտանգն այն է, որ oatzempic-ը երբեք չի ուսումնասիրվել կլինիկական հետազոտություններում: Իսկ դրա անվանումը, որը հղում է անում դեղատոմսով տրվող դեղամիջոցներին, մարդկանց մոլորության մեջ է գցում՝ ստեղծելով «ստուգված պատրաստուկի» պատրանք:
Ըմպելիքի մեջ քիչ են սպիտակուցները, ճարպերը և մի շարք կարևոր միկրոտարրերը: Եթե կանոնավոր կերպով սնունդը փոխարինվի նման ըմպելիքով, դա կհանգեցնի մարսողության հետ կապված լուրջ խնդիրների:
Սննդաբանները խորհուրդ են տալիս, որ առողջության համար ավելի մեծ ազդեցություն ունի սովորական սմուզին՝ պատրաստված վարսակի փաթիլներով, մրգերով կամ հատապտուղներով, որոնք սպիտակուցների և օգտակար ճարպերի աղբյուր են:






