Անտառային հրդեհների վտանգները հրդեհների մարումից հետո չեն ավարտվում, իսկ երկարաժամկետ սպառնալիքը կարող է հազարավոր մարդկանց վտանգի ենթարկել։

Euronews-ի տվյալներով՝ անցյալ տարի մահացու հրդեհները տարածվել են ամբողջ Եվրոպայում՝ ոչնչացնելով ավելի քան մեկ միլիոն հեկտար հողատարածք։ Դա չորս անգամ ավելի է, քան 2024 թվականին տեղի ունեցած հրդեհները և տարածքով գերազանցում է ամբողջ Կորսիկան։

Գրանցվել է ավելի քան 1800 անտառային հրդեհ, որոնք մթնոլորտ են արտանետել ավելի քան 38 միլիոն տոննա CO₂։ Պորտուգալիայում և Իսպանիայում տեղի ունեցած մահացու հրդեհները կազմել են ԵՄ-ում վնասի ավելի քան երկու երրորդը, և վերագրման փորձագետները նշում են, որ դրանց հավանականությունը 40 անգամ ավելի մեծ է կլիմայի փոփոխության պատճառով։

Այժմ հետազոտողները զգուշացնում են, որ նույնիսկ հրդեհների մարումից հետո, իրենց տներ վերադարձող բնակիչները կարող են դեռևս հայտնի քաղցկեղածին նյութերի ազդեցությանը ենթարկվել։ Environmental Science & Technology Letters հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը վերլուծել է 2025 թվականի Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների ազդեցությունը, որոնք ոչնչացրել են ավելի քան 18 հազար տուն, խլել առնվազն 31 մարդու կյանք և գրեթե 200 հազար մարդու ստիպել լքել սեփականմ տները։

Հրդեհի երկրորդ օրը հետազոտողները սկսել են ներսի և դրսի օդի նմուշներ հավաքել։ Դա շարունակվել է հրդեհից հետո, և դաշտային աշխատանքներն ավարտվել են փետրվարի 18-ին՝ հրդեհի մարումից 18 օր անց։

Նմուշները վերլուծելուց հետո գիտնականները պարզել են, որ ցնդող օրգանական միացությունների (VOC) մակարդակը զգալիորեն ավելի բարձր է եղել հրդեհից հետո ժամանակահատվածում, քան ակտիվ այրման ժամանակ։ Հատկապես բարձր արժեքներ են նկատվել հրդեհի գոտում գտնվող դատարկ տներում, ինչը վկայում է ծխի ազդեցությանը ենթարկված նյութերից ներքին արտանետումների մասին։

Ցնդող օրգանական միացությունների, մասնավորապես՝ բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի և քսիլենի (BTEX) ազդեցությունը կապված է առողջական մի շարք խնդիրների հետ՝ կարճաժամկետ գրգռումից մինչև քաղցկեղ և օրգանների վնասում։ Սակայն դա կախված է ազդեցության կոնցենտրացիայից և տևողությունից, ինչպես նաև անհատական ​​զգայունությունից։

Ամերիկյան թոքերի ասոցիացիայի տվյալներով՝ ներսում ցնդող օրգանական միացությունների կոնցենտրացիան կարող է մինչև տասն անգամ ավելի բարձր լինել, քան դրսում։ Դրանք կարելի է հայտնաբերել կենցաղային սովորական ապրանքներում, օրինակ՝ մաքրող սփրեյներում, ներկերում և լուծիչներում։

«Դրանցից մի քանիսը քաղցկեղածին են և ակնհայտորեն վնասակար են մարդու առողջության համար»,- ասում է շրջակա միջավայրի առողջության գիտությունների ամբիոնի պրոֆեսոր և հետազոտության համահեղինակ Իֆան Չժուն։

«Այս քաղաքային հրդեհների ժամանակ առաջացող ծխի պոտենցիալ թունավորությունը հատկապես մտահոգիչ էր, քանի որ ցնդող օրգանական միացություններն ամենուրեք են բնակելի տարածքներում. դրանց ընդհանուր աղբյուրներից են շինանյութերը և կենցաղային ապրանքները, օրինակ՝ խոհարարական և մաքրող միջոցները»։

Հետազոտության հեղինակները նշում են, որ առնվազն MERV 13 վարկանիշ ունեցող ֆիլտրերով կանոնավոր օդափոխությունը և HVAC համակարգերն օգնում են նվազեցնել ցնդող օրգանական միացությունների ազդեցությունը։ Կարող են օգնել նաև ածխածնային ֆիլտրերով օդամաքրիչները։