Միացյալ Նահանգներից գիտնականների խմբի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ անկայուն «ներքին ժամացույց» ունեցող մարդիկ դեմենցիա զարգացնելու ավելի մեծ ռիսկ են ցուցաբերել։

Ցիրկադային ռիթմերը մարդու օրգանիզմի «ներքին ժամացույցն» են, որոնք կարգավորում են քուն-արթուն փուլը, մարմնի ջերմաստիճանը և մարսողությունը:

Կայուն ցիրկադային ռիթմեր ունեցող մարդկանց մոտ ներքին ժամացույցը համապատասխանում է 24-ժամյա օրվան. նման մարդիկ պահպանում են գործունեության և հանգստի հստակ ու կանոնավոր գրաֆիկ, նույնիսկ եթե փոխվում է նրանց զբաղվածությունը կամ տարվա եղանակը, հաղորդում է Euronews-ը:

Ընդհակառակը, թույլ ռիթմերի դեպքում լուսավորության և օրվա կարգացուցակի փոփոխությունները կարող են շեղել օրգանիզմի ժամացույցը բնականոն ընթացքից:

Տարիքի հետ ցիրկադային ռիթմերը թուլանում են կամ, համենայն դեպս, փոփոխվում. տարեց մարդիկ, որպես կանոն, ավելի շուտ են պառկում քնելու և ավելի շուտ արթնանում, իսկ քունը դառնում է ընդհատվող:

Հետազոտությանը մասնակցել է ԱՄՆ-ի ավելի քան 2000 բնակիչ, որոնց միջին տարիքը 79 է եղել և նրանցից ոչ մեկը հետազոտության սկզբում դեմենցիա չի ունեցել: Բժիշկները երեք տարի շարունակ հետևել են նրանց օրվա ակտիվության գրաֆիկներին:

Այդ ընթացքում թուլամտություն է զարգացել 176 մարդու մոտ:

Բժիշկները դիտարկվողներին բաժանել են երեք խմբի՝ կախված նրանց ցիրկադային ռիթմերի ուժգնությունից և տեսակից:

Պարզվել է, որ ամենաթույլ ռիթմ ունեցող խմբի մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման ռիսկը գրեթե 2,5 անգամ ավելի բարձր էր, քան ամենաստաբիլ ցիրկադային ռիթմ ունեցող խմբում։

Եվ այն մարդիկ, որոնց ակտիվությունը գագաթնակետին էր հասնում օրվա ուշ ժամին՝ ժամը 14:00-ից հետո, դեմենցիա զարգացնելու 45%-ով ավելի բարձր ռիսկ են ունեցել, քան վաղ արթնացողները։

Ընդհանրացնելով արդյունքները՝ բժիշկները եզրակացրել են, որ դեմենցիայի և այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ են քնի կանոնավոր ռեժիմ, մելատոնինի օգտագործում, ֆիզիկական վարժություններ և բնական լուսավորություն, հատկապես առավոտյան ժամերին: