Բերբերինը՝ բույսերից ստացվող միացություն է, որը պարունակվում է բարբարիսի մեջ և կարող է կանխել անոթները պատող էնդոթելային բջիջների մահը։ Նման եզրահանգման են եկել Լուչժոուի (Չինաստան) Հարավարևմտյան բժշկական համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Phytotherapy Research (PhytoRes) ամսագրում։
Նախկինում արդեն ապացուցվել է, որ բերբերինը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, իջեցնում է զարկերակային ճնշումը և նվազեցնում անոթային դիսֆունկցիան։ Սակայն այս ազդեցության մեխանիզմները մնում են անորոշ։ Նոր հետազոտությունն առաջին անգամ մանրամասն բացատրում է, թե հատկապես ինչպես է այս միացությունը պաշտպանում անոթային բջիջները։
Գիտնականները կենտրոնացել են EIF2AK2 կինազի ազդանշանային ուղու վրա, որը հայտնի է նաև որպես պրոտեինկինազ R կամ PKR։ Այն կարգավորում է էնդոթելային բջիջների ծերացումն ու քայքայումը։ Փորձարկումների ընթացքում ցույց է տրվել, որ մեթիլգլիոքսալ նյութը ուժեղացնում է բջիջների ծերացումն ու մահը՝ ակտիվացնելով EIF2AK2-ը։ Բերբերինն իր հերթին խոչընդոտում է այս գործընթացին. այն արգելափակում է EIF2AK2-ի դիմերիզացումը (մոլեկուլների շղթայակցումը)։
Պարզվել է նաև, որ բերբերինը պաշտպանում է անոթների բջիջները՝ ազդելով eIF2α սպիտակուցի աշխատանքի վրա։ Այս սպիտակուցն օգնում է բջիջներին սինթեզել նոր սպիտակուցներ. փաստացի այն կառավարում է բջջային «կոնվեյերի» գործարկումը։ Երբ սպիտակուցը ենթարկվում է քիմիական փոփոխության․ կոնվեյերը կանգ է առնում, իսկ բջիջները ծերանում են և մահանում։ Բերբերինը կանխում է նման փոփոխությունը։
«Մեր արդյունքները հաստատում են նրան, որ բերբերինը կարող է պաշտպանել անոթները և զգալի թերապևտիկ ներուժ ունենալ սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարում։ EIF2AK2 մոլեկուլի վրա ներազդումը կարող է հիմք հանդիսանալ նաև նոր դեղամիջոցների մշակման համար»,- նշում է հետազոտական խումբը։






