Ճապոնացի գիտնականները պարզել են, որ օրգանիզմում բորբոքային գործընթացների և հոգեբանական ախտանիշների՝ դեպրեսիայի, տագնապայնության, հոգնածության և սոմատիկ գանգատների միջև կապը էապես կախված է մարդու անհատական առանձնահատկություններից։ Էմոցիաների վատ կարգավորում կամ քնի ցածր որակ ունեցող մարդկանց մոտ այդ կապերը զգալիորեն ավելի ուժեղ են եղել, մինչդեռ լավ քնի և էմոցիոնալ վերահսկողության զարգացած հմտությունների դեպքում դրանք թուլացել են կամ նույնիսկ փոխել ուղղությունը։ Աշխատությունը հրապարակվել է «Brain, Behavior, & Immunity – Health» (BB&I) ամսագրում։

Բորբոքումը իմունային համակարգի հիմնարար արձագանքն է վնասվածքին կամ սպառնալիքին։ Կարճաժամկետ ձևով այն օգնում է օրգանիզմին վերականգնվել, սակայն քրոնիկ համակարգային բորբոքումը կարող է պահպանվել երկար ժամանակ և կապված լինել տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ հոգեկան խանգարումների հետ։ Արյան մեջ բորբոքային մարկերների բարձր մակարդակը, ինչպիսիք են C-ռեակտիվ սպիտակուցը և ցիտոկինները, նախկինում արդեն կապվել էին դեպրեսիայի, տագնապի և քրոնիկ հոգնածության հետ։

Կաո Յամաոկայի գլխավորությամբ գիտնականները որոշել են ստուգել, թե ինչու է բորբոքումը ոչ բոլոր մարդկանց մոտ ուղեկցվում հոգեբանական ախտանիշներով։ Նրանք ենթադրել են, որ առանցքային դեր կարող են խաղալ էմոցիաների կարգավորումը, սեփական մարմնի ազդակների ընկալումը և քնի որակը։

Հետազոտությանը մասնակցել են 30-ից 59 տարեկան 155 առողջ մեծահասակներ: Մասնակիցները լրացրել են հարցաշարեր, որոնք գնահատել են էմոցիոնալ կարգավորումը, քնի որակը, հոգնածության մակարդակը, դեպրեսիայի և տագնապի ախտանիշները, սթրեսային ռեակցիաները և սոմատիկ գանգատները, ներառյալ՝ ստամոքս-աղիքային ախտանիշները: Բացի այդ, նրանցից վերցվել են արյան նմուշներ՝ բորբոքային մարկերների մակարդակը չափելու համար:

Վերլուծությունը ցույց է տվել, որ վատ քնի և էմոցիոնալ վերահսկողության թույլ հմտությունների դեպքում բորբոքման մակարդակի բարձրացումը կապված է եղել ավելի արտահայտված հոգնածության, դեպրեսիվ և տագնապային ախտանիշների, ինչպես նաև մարմնական անհանգստության հետ: Սակայն լավ քնի որակ և էմոցիաների արդյունավետ կարգավորում ունեցող մարդկանց մոտ այդ կապերը զգալիորեն թույլ են եղել կամ ընդհանրապես բացակայել են: Մի շարք դեպքերում բորբոքման ավելի բարձր ցուցանիշները նույնիսկ չեն ուղեկցվել ինքնազգացողության վատթարացմամբ:

Սեփական մարմնի ազդակները ճանաչելու կարողության ազդեցությունն ավելի թույլ է եղել և կախված է եղել կոնկրետ համատեքստից: Հեղինակների խոսքով՝ սա մատնանշում է մարմնական ընկալման ավելի բարդ դերը՝ քնի և էմոցիոնալ կարգավորման հետ համեմատած:

Հետազոտողները նշել են, որ բորբոքումն ինքնին պարտադիր չէ, որ հանգեցնի հոգեկան վիճակի վատթարացման: Դրա ազդեցությունը մեծապես որոշվում է անհատական հոգեբանական և վարքագծային գործոններով: Այնուամենայնիվ, արդյունքները ընդգծում են քնի և էմոցիոնալ կայունության կարևորությունը՝ որպես քրոնիկ բորբոքման բացասական հոգեֆիզիոլոգիական հետևանքներից պաշտպանող պոտենցիալ գործոններ: