Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ ոչ մեծ քիմիական միացությունը, որն արտադրում են աղիների մանրէները, կարող է էապես ուժեղացնել իմունաթերապիայի արդյունավետությունը թոքերի քաղցկեղի ժամանակ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում։

Խոսքը բակտերիալ մետաբոլիտի մասին է, որն ստացել է Բակ չորս հարյուր քսան ինը պայմանական անվանումը, որը մկների վրա կատարված փորձերի ժամանակ զգալիորեն բարձրացրել է ուռուցքների զգայունությունը իմունային վերահսկիչ կետերի ինհիբիտորներով թերապիայի հանդեպ։

Այդ տեսակի իմունաթերապիան այսօր համարվում է ամենահեռանկարային ուղղություններից մեկն օնկոլոգիայում։ Այդ դեղամիջոցները վերացնում են բնական սահմանափակումները իմունային համակարգում՝ թույլ տալով Т-բջիջներին ավելի ակտիվ գրոհել քաղցկեղային բջիջների դեմ։ Սակայն գործնականում դրանք օգնում են միայն պացիենտների համեմատաբար ոչ մեծ մասին. տարբեր գնահատականներով՝ կայուն էֆեկտ նկատվում է հիվանդների քսան տոկոսի մոտ, այն դեպքում, երբ ուռուցքների մեծ մասը մնում է բուժման հանդեպ ոչ այնքան զգայուն։ Հենց այդ պատճառով իմունաթերապիայի պատասխանն ուժեղացնելու միջոցների որոնումը ժամանակակից ուռուցքաբանության կարեւոր խնդիրներից է։

Աշխատանքի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են աղիների մանրէների ավելի քան հարյուր ութսուն շտամ եւ պարզել դրանցից մի քանիսը, որոնց ներկայությունը աչքի է ընկել ավելի արտահայտված հակաուռուցքային իմունային պատասխանով։ Հետագա ուսումնասիրությունը թույլ է տվել  պարզել, որ վճռական դեր խաղում է ոչ թե մանրէն ինքը, այլ կոնկրետ նյութը, որն այն արտադրում է։ Այդ նյութն էլ հենց մետաբոլիտ Bac429-ն է։

Երբ այն ներարկել են թոքերի քաղցկեղ ունեցող մկներին, որոնք սկզբում վատ են արձագանքել իմունաթերապիային, իմունային վերահսկիչ կետերի ինհիբիտորների հետ համադրմամբ, ուռուցքների աճը դանդաղել է մոտ կիսով չափ։ Միաժամանակ, էֆեկտը զգալիորեն ավելի թույլ է եղել, եթե օգտագործվել է իմունաթերապիան առանց մետաբոլիտի ավելացման։ Նշանակում է՝ միացությունն ուղղակիորեն ուժեղացնում է իմունային պատասխանը եւ օգնում իմունային համակարգին ավելի արդյունավետ ճանաչել եւ ոչնչացնել քաղցկեղային բջիջները։

Հայտնագործության հատուկ նշանակությունն այն է, որ առանձին մետաբոլիտի օգտագործումը պոտենցիալ առումով ավելի անվտանգ եւ հեշտ է, քան պացիենտի միկրոբիոտան փոխելու փորձը մանրէների պատվաստմամբ կամ ֆեկալ տրանսպլանտացիայի օգնությամբ։ Մետաբոլիտը  կարելի է ստանդարտացնել, ստույգ չափաբաժին սահմանել եւ, հետագայում, վերածել դեղամիջոցի։ Ներկայում հետազոտողներն ուսումնասիրում են նրա ազդեցության մեխանիզմը եւ մշակում ածանցյալ միացություններ, որոնք կօգտագործվեին մարդկանց վրա կլինիկական փորձերի ժամանակ։

Հետազոտությունը նաեւ ընդգծում է ավելի ակնհայտ կապը աղիների միկրոբիոտայի, իմունային համակարգի եւ հակաքաղցկեղային թերապիայի արդյունավետության միջեւ։ Ապագայում դա կարող է հանգեցնել նոր համադրված մոտեցումների մշակման, որտեղ իմունաթերապիան կլրացվի դեղամիջոցներով, որոնք կստեղծվեն բակտերիալ մետաբոլիտների հիման վրա, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել պացիենտների շրջանակը, որոնք իրական օգուտ կստանան այս բուժումից։