Սեչենովի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել գիրության և քաղցկեղի միջև. ռիսկի խմբում են հայտնվել այն պացիենտները, ովքեր ավելի քան 10 տարի տառապում են այս քրոնիկ հիվանդությամբ, հայտնել են բուհից:
«2000 պացիենտների դիտարկման արդյունքներով բացահայտվել է ուռուցքային հիվանդությունների զարգացման առավելագույն ռիսկի խումբը: Դրա մեջ ներառվել են աբդոմինալ գիրության նշաններ ունեցող և ավելի քան 10 տարվա վաղեմության հիվանդություն ունեցող այն պացիենտները, ովքեր ունեն մետաբոլիկ համախտանիշի երկու և ավելի բաղադրիչների համակցություն, ծանրաբեռնված ժառանգականություն, զարկերակային ճնշման, խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակի նկատմամբ վերահսկողության բացակայություն և այլ հիվանդությունների կապակցությամբ մշտական դեղորայքային թերապիայի բացակայություն», - պատմել է բուհի պոլիկլինիկական թերապիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Օսադչուկը:
Համալսարանում հավելել են, որ ուռուցքային հիվանդություն ունենալու հավանականությունն ավելի մեծ չափով դրսևորվում է այն անձանց մոտ, ովքեր տառապում են ավելորդ քաշով կամ առաջին աստիճանի գիրությամբ՝ զարկերակային ճնշման անվերահսկելի բարձր մակարդակի, ածխաջրային և լիպիդային փոխանակության խանգարումների, թերապիայի նկատմամբ ցածր հակվածության պայմաններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միևնույն ժամանակ, գիրության երկրորդ և երրորդ աստիճան ունեցող այն անձինք, ովքեր հաջողությամբ վերահսկում են իրենց քրոնիկ հիվանդությունները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն) և փոխանակության հիմնական ցուցանիշները (գլյուկոզա, խոլեստերին, միզաթթու)՝ դրսևորելով բարձր հակվածություն հակագերճնշումային, լիպիդային մակարդակը շտկող և շաքարիջեցնող դեղամիջոցների ընդունման նկատմամբ, ցուցաբերում են քաղցկեղով հիվանդացության ավելի ցածր տոկոս», - պարզաբանել է բուհի պոլիկլինիկական թերապիայի ամբիոնի դոցենտ Իննա Վասիլևան:






