Ամերիկացի գիտնականները մի խումբ՝ խորը ծերության տարիքի հասած մարդկանց մոտ որեւէ հատուկ՝ կյանքի տեւողության համար պատասխանատու գեն չեն հայտնաբերել: Հետազոտության արդյունքները PLOS ONE գիտական ամսագրում են հրապարակվել: 

Գիտնականները, մասնավորապես, 110-116 տարեկան 16 կանանց եւ մեկ տղամարդու գենոմներն են կազմել՝ համոզվելու համար, որ դրանց գենետիկական կառույցի մեջ որեւէ՝ երկարակեցությունը բացատրող ընդհանրական հատկանիշներ չեն պարունակվում: Մասնագետների հաղորդմամբ, աշխարհի՝ հիշյալ տարիքային խումբը ներկայացնող բնակիչների թիվը ներկայումս 74 է կազմում, հաղորդում է Yahoo-ն:

«Մենք փորձում էին երկարակեցության գենը գտնել, սակայն բոլորիս հիասթափություն էր սպասվում», - խոստովանել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ստյուարտ Քիմը՝ Ստենֆորդի համալսարանից:

Գիտնականը ենթադրում է, որ որոշ մարդկանց՝ մինչեւ «ավելի քան խորը ծերություն» ապրելու կարողությունը ժառանգական նյութի ողջ համընդհանրությամբ է մեկնաբանվում, եւ ոչ՝ մեկ առանձին՝ ծերացումը դանդաղեցնող գենի առկայությամբ:

Պրոֆեսորն ընդգծել է, որ գերերկարակյացների խումբը միանգամայն տարբեր մարդկանց է ներառում: Մասնավորապես, հետազոտության՝ ներկայումս արդեն ոչ կենդանի մասնակիցներից 15-ը՝ սպիտակամորթներ, մեկը՝ սեւամորթ եւ մեկն էլ լատինոամերիկացի է եղել: Միակ ընդհանրությունն այն է, որ նրանք բոլորը ԱՄՆ քաղաքացիություն են ունեցել:

Հատկանշական է, որ 17 մասնակիցներից եւ ոչ մեկը առողջ ապրելակերպի չի հետեւել: Նրանց մոտավորապես կեսը ծխող են եղել: