Կորեական ժենշենի Rf գինզենոզիդի միացությունը կարող է պաշտպանել հորմոնալ մազաթափությունից։ Այսպիսի եզրահանգման են եկել Սեջոն համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Industrial Crops and Products (ICP) ամսագրում։

Անդրոգենետիկական մազաթափություն (մազաթափության ամենատարածված ձեւը) ունեցող մկների վրա կատարված փորձերի ժամանակ Rf գինզենոզիդը զգալիորեն բարելավել է մազերի աճը անգամ մազահինի ցիկլի ճնշման դեպքում: Կենդանիների մոտ մազի ֆոլիկուլների քանակն ու դրանց չափերն ավելացել են, իսկ մազերն ինքնին ավելի են հաստացել։ Հյուսվածքների վերլուծությունը ցույց է տվել մազային սոխուկների նորմալ կառուցվածքի եւ ակտիվության վերականգնում:

Հետազոտողները պարզել են նաեւ նյութի գործողության մեխանիզմը։ Rf գինզենոզիդը նվազեցրել է անդրոգենային ռեցեպտորների՝ սպիտակուցների ակտիվությունը, որոնց միջոցով արական հորմոնները հրահրել են նոսրացման եւ մազաթափության գործընթացը: Միացությունն արագացրել է այդ ռեցեպտորների ոչնչացումը բջիջներում՝ դրանով իսկ թուլացնելով հորմոնալ ազդանշանները, որոնք հանգեցնում են մազաթափության: Այս մեխանիզմը նախկինում չի նկարագրվել մազաթափության հետազոտություններում:

Հեղինակները նշել են, որ արդյունքները ստացվել են նախակլինիկական մոդելի հիման վրա եւ դեռ չեն հաստատվել մարդկանց հետազոտություններում: Այնուամենայնիվ, աշխատանքը ցույց է տալիս, որ Rf գինզենոզիդի հեռանկարայնությունը հիմք է հանդիսանում մազաթափության կանխարգելման եւ գլխամաշկի առողջության բնական միջոցների մշակման համար: