Հազրեվարդի լուծամզվածքը կարող է մեղմացնել հիշողության և ուշադրության խանգարումները, որոնք առաջանում են քիմիաթերապիա անցնող բուժառուների շրջանում: Նման եզրակացության են հանգել Եգիպտոսի Այն Շամս համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) հանդեսում:
Իրենց փորձերի ընթացքում գիտնականները առնետների շրջանում ճանաչողական խանգարումներ են առաջացրել՝ օգտագործելով օքսալիպլատին, որը լայնորեն կիրառվում է կլինիկական պրակտիկայում և հայտնի է իր նյարդաբանական կողմնակի ազդեցություններով: Այնուհետև կենդանիներին տրվել է հազրեվարդի լուծամզվածք՝ կամ ստանդարտ սպիրտային ձևով, կամ նանոմասնիկների տեսքով՝ կենսամատչելիությունը բարձրացնելու համար:
Երկու ձևերով էլ հազրեվարդը նվազեցրել է հիպոկամպի՝ ուղեղի այն հատվածի վնասը, որը պատասխանատու է ուսուցման և հիշողության համար: Լուծամզվածքը նաև նվազեցրել է վարքի, հիշողության և կենտրոնացման անկումը: Կենսաքիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ հազրեվարդը վերականգնել է նյարդային հյուսվածքի հակաօքսիդանտային պաշտպանությունը, նվազեցրել բորբոքումը և ճնշել նեյրոնների մահվանն առնչվող մոլեկուլային ուղիների ակտիվացումը: Բացի դրանից, այն ակտիվացրել է ուղեղի կառուցվածքի և գործառույթի պահպանման համար կարևոր Wnt/β-կատենին ազդանշանային ուղին:
Հետազոտողները նշում են նաև, որ հազրեվարդը չի նվազեցրել օքսալիպլատինի հակաուռուցքային արդյունավետությունը, ինչը հատկապես կարևոր է դրա կլինիկական կիրառման հնարավորության համար։
Հեղինակներն ընդգծում են, որ չնայած հազրեվարդը վաղուց օգտագործվել է ավանդական բժշկության մեջ, սա առաջին հետազոտություններից մեկն է, որը հստակ ցույց է տալիս քիմիաթերապիայի ընթացքում դրա նյարդապաշտպանիչ ներուժը։ Թեև տվյալները ներկայում սահմանափակվում են կենդանիների մոդելներով, դրանք ընդգծում են սննդային բույսերի ներուժը որպես քաղցկեղի բուժման նյարդաբանական կողմնակի ազդեցությունները նվազեցնելու ունակ օժանդակ թերապիաների հիմք։






