British Journal of Ophthalmology ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ քնելուց առաջ մեկ պարզ քայլը կարող է օգնել դանդաղեցնել գլաուկոմայի առաջացումը: Գիտնականները պարզել են, որ առանց բարձի քնելը նպաստում է ներակնային ճնշման նվազեցմանը, որը տեսողական նյարդի վնասման եւ անդառնալի տեսողության կորստի հիմնական ռիսկի գործոն է:

Հետազոտությանը մասնակցել է գլաուկոմայով տառապող 144 մարդ: Մասնակիցներին խնդրել են քնել կամ երկու սովորական բարձերով, որոնցից յուրաքանչյուրը բարձրացնում է գլուխը 20-35 աստիճանով, կամ առանց բարձերի: Երկու խմբերում էլ հետազոտողները պարբերաբար չափել են մասնակիցների ներակնային ճնշումը քնի ընթացքում եւ գրանցել են զգալի աճ բարձր դիրքում: Եվ հակառակը, առանց բարձի դիրքում ճնշման ցուցանիշներն ավելի ցածր էին:

Հետազոտողներն այս ազդեցությունը բացատրել են նրանով, որ բարձր բարձը փոխում է պարանոցի դիրքը եւ կարող է սեղմել լծային արյունադարձ երակները: Սա խոչընդոտում է ներակնային հեղուկի արտահոսքն եւ հանգեցնում ներակնային ճնշման բարձրացման: Բացի այդ, գլխի բարձր դիրքը նվազեցնում է ակնային պերֆուզիայի ճնշումը (OPP), որը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է արյունը հոսում դեպի աչքի հյուսվածքներ: OPP նվազումը համարվում է գլաուկոմայի անբարենպաստ գործոն:

Հեղինակները նշել են, որ գիշերային ներակնային ճնշման ավանդական վերահսկումը սովորաբար ներառում է դեղորայքի դեղաչափերի ավելացում կամ լազերային թերապիայի օգտագործում: Այս համատեքստում բարձի օգտագործումից խուսափելը կարող է լինել պարզ, ոչ դեղորայքային միջոց, որը կարող է օգտագործվել հիվանդության վաղ փուլերում կամ բուժմանը զուգահեռ։

Գլաուկոման մնում է 60 տարեկանից բարձր մարդկանց կուրության հիմնական պատճառներից մեկը։ Հետազոտողների կարծիքով՝ քնի դիրքի շտկումը կարող է լինել մատչելի եւ պոտենցիալ արդյունավետ միջոց՝ այս հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ ներակնային ճնշման երկարաժամկետ վերահսկողությունը բարելավելու համար։