Շվեդիայում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ 25 տարի շարունակ անլար կամ բջջային հեռախոսների օգտագործման փորձ ունեցող մարդկանց մոտ, ի համեմատություն առավելագույնը մեկ տարի տեւողությամբ օգտագործողների, ուղեղի կոնկրետ տիպի քաղցկեղի առաջացման եռակի անգամ բարձր ռիսկ է գործում, հաղորդում է FoxNews-ը:
Pathophysiology ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, խոսքը գլիոմա անվամբ հայտնի խիստ վտանգավոր քաղցկեղի մասին է, որի առաջացման ռիսկը տարիներով՝ բջջային հեռախոսների օգտագործմանը համընթաց աճ է ապրում:
«Պնդումը, որ 25 տարի անց ռիսկը եռապատկվում է, միանշանակ պարզ է եւ կասկած չի հարուցում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար դոկտոր Լենոր Հարդելը:
Այդուհանդերձ, վերը հիշատակված եզրահանգումները հակասում են 2010թ.-ին՝ օնկոլոգիական հետազոտությունների միջազգային գործակալության նախաձեռնությամբ եւ բջջային կապի պրովայդերների մասնակի ֆինանսավորմամբ իրականացված հետազոտության արդյունքներին, համաձայն որոնց բջջային հեռախոսների շարունակական օգտագործման եւ գլխուղեղի չարօրակ նորագոյացությունների առաջացման ռիսկի միջեւ որեւէ կապ չի գործում:
Ինչեւէ, նկատենք, որ, նույնիսկ ընթացիկ հետազոտության արդյունքների համաձայն, գլիոմայի առաջացման եռակի բարձր ռիսկի բացարձակ արժեքը շարունակում է բավականին ցածր մնալ: 2012թ.-ին European Journal of Cancer ամսագրում նկարագրություն գտած մեկ այլ հետազոտության արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն, 1995-2002թթ.-ն ընկած ժամանակահատվածում գլխուղեղի ցանկացած չարօրակ նորագոյացությամբ ախտորոշված եվրոպացիները բաժինը՝ 100 հազարի հաշվարկով, 5-ից մի փոքր ավել (կամ 0.005 տոկոս) է կազմել: Եռապատկման դեպքում ցուցանիշն ընդամենը 100 հազարից 16-ի (կամ 0.016 տոկոսի) կարող է հասնել:
Մինչդեռ, Օրեբրոյի համալսարանական հիվանոցը ներկայացնող օնկոլոգ դոկտոր Հարդելն իր գործընկերոջ՝ Մայքլ Կարլբերգի հետ միասին, ուղեղի չարօրակ ուռուցքով ախտորոշված 1380 հիվանդների եւ նույնքան առողջ մարդկանց վերագրվող բժշկական, ինչպես նաեւ անլար հեռախոսների օգտագործման փորձի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքում է հիշյալ՝ ուղեղի քացկեղի տեսակներից միայն մեկի՝ գլիոմայի առաջացման ռիսկին առնչվող եզրակացությանը հանգել:
Հարկ է նշել, որ նմանատիպ հետազոտությունները մի շարք թերություններով են բնութագրվում, որոնցից ամենագլխավորը մասնակիցների՝ տասնամյակների վաղեմություն ունեցող վարքագծի մանրամասները հիշելու անհրաժեշտությունն է:
Այդուհանդերձ, նեյրովիրավույժ Գաբրիել Զադան՝ Հարավային Քալիֆորնիայի համալսարանից կից գործող Քեքի բժշկական դպրոցից, ով անմիջական մասնակցություն չի ունեցել հետազոտական աշխատանքներին, խորհուրդ է տալիս զգուշությամբ վերաբերվել բջջային հեռախոսներին, մասնավորապես՝ զանգահարելիս բարձրախոս կամ ականջակալներ օգտագործել: Թեեւ, մասնագետի դիտարկմամբ, հետազոտության հեղինակները որեւէ կերպ պատասխան չեն տալիս հարցին առ այն, թե ինչու է բջջային հեռախոսների երկարաժամկետ օգտագործումը քաղցկեղի առաջացման պատճառ դառնում:
«Բազմաթիվ հիվանդներ հենց այդ հարցն են տալիս ինձ, թե ինչու են գլխուղեղի ուռուցք ձեռք բերել: Թեմայի շուրջ բազմաթիվ տեսական մոտեցումներ կան մշակված: Սակայն դրանք բոլորն այնչափ գալարապտույտ պատկերներ են ամբողջացնում, որ պարզապես ասելով, թե հիվանդության առաջացման պատճառը բջջային հեռախոսն է, ոչ մի հարցի լուծում չի տրվում», - մեկնաբանել է նա:
Դոկտոր Զադան 2012թ.-ին մեկ այլ հետազոտութուն է հեղինակել, որի արդյունքների համաձայն 1992-2006թթ.-ի ընթացքում Քալիֆորնիայի բնակիչների մոտ չարօրակ ուռուցքների առաջացման հաճախականության աճ է նկատվել՝ օրգանի այն հատվածներում, որոնք խոսելիս առավել մոտ են բջջային հեռախոսին գտնվում:
Մյուս կողմից էլ հատկանշական է, որ 2000-ից 2010 թթ-ն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում բջջային հեռախոսների օգտագործան պրակտիկայի՝ դոկտոր Զադայի հեղինակմամբ բացահայտված ազդեցությանն անհամարժեք՝ եռակի ընդլայնում է արձանագրվել:
Նեյրովիրաբույժի դիտարկմամբ, ընթացիկ հետազոտությունը միայն հետագա՝ առավել խորը ուսումնասիրությունների անհրաժեշտությունն է ընդգծում:
«Ձեռք բերված արդյունքներն ավելի շուտ են ապացույց են առ այն, որ գլխուղեղի ուռուցքների եւ բջջային հեռախոսների միջեւ ինչ-որ կապ է գործում: Սակայն պարտադիր չէ, որ խոսքը պատճառահետեւանքային կապի մասին լինի», - մեկնաբանել է նա:
Ըստ այդմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 14 երկրներ ներկայացնող 31 գիտնականներից բաղկացած փորձագիտական խումբը 2011թ.-ին բջջային հեռախոսներին «հավանական քաղցկեղածին» որակումն է տվել: ԱՄՆ-ում էլ ներկայումս ռադիացիայի՝ 1996թ.-ին հաստատված անվտանգ շեմի վերանայմանը միտված հետազոտություններ են ընթանում:
Գաղտնիք չէ նաեւ այն հանգամանքը, որ բջջային հեռախոսները ռադիոհաճախային էներգիա են արձակում, ինչը կարող է մերձակա մկանների կողմից կլանման ենթարկվել: Դոկտոր Հարդելի դիտարկմամբ, էներգիայի հիշյալ արձակումների նկատմամբ հատկապես երեխաները կարող են խոցելի լինել: Նրանց գլխի փոքր չափերը, գանգամաշկի բարակությունը եւ գլխուղեղի բարձր հաղորդունակությունը ռադիոհաճախային էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցության ընդլայնմանը կարող են հանգեցնել:
«Աղջիկները սիրում են, քուն մտնելուց առաջ, բջջային հեռախոսը բարձի տակ դնել: Մինչդեռ անգամ հեռախոսով անկողին մտնելն է վատ սովորություն հանդիսանում», - նշել է հետազոտության հեղինակը:
Դոկտոր Զադան եւս համակարծիք է, որ զարգացող ուղեղն առավել խոցելի է՝ բջջային հեռախոսների նկատմամբ, բայցեւայնպես, խուսափում է պաշտոնական խորհուրդներով հանդես գալ: «Խոսքի ծխելու սովորության եւ թոքերի քաղցկեղի մասին չէ, քանի որ դեռեւս ոչ մի ապացույց չի գտնվել», - մեկնաբանում է նա:






