Կորեայի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների միջազգային թիմը էպիգենետիկ առանցքային մեխանիզմ է բացահայտել, որը կարող է արգելափակել բջիջների վերածումը ճարպային բջիջների։ Հայտնագործությունը կարող է հանգեցնել ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի բուժման նոր մոտեցումների։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances բժշկագիտական հանդեսում։

Հետազոտությունը կենտրոնացած է եղել PPARγ սպիտակուցի վրա, որը ճարպային բջիջների (ադիպոցիտների) ձևավորման այսպես կոչված «գլխավոր կարգավորիչն» է։ Երբ այն ակտիվ է, բջջի ներսում ակտիվանում է գեների մի ամբողջ ցանց՝ ամրապնդելով դրա ճարպային բջիջների մասնագիտացումը։ Ահա թե ինչու է PPARγ-ն երկար ժամանակ նյութափոխանակության հիվանդությունների հետազոտությունների հիմնական թիրախ համարվում։

Սակայն գիտնականները ցույց են տվել, որ այդ սպիտակուցի գործողությունը կարող է ճնշվել ոչ թե ԴՆԹ-ի փոփոխությամբ, այլ էպիգենետիկ մեխանիզմի միջոցով՝ գեների ակտիվության նուրբ կարգաբերմամբ։ Այդ գործընթացում կարևոր դեր են խաղում երկու սպիտակուցներ՝ YAP-ը և TAZ-ը։ Դրանք Hippo ազդանշանային ուղու մի մասն են, որը վերահսկում է օրգանների աճը և բջիջների որոշումները՝ բաժանվել, մահանալ կամ դիֆերենցվել։

Պարզվում է, որ YAP-ը և TAZ-ն քիմիական ռեակցիաների շղթա են առաջացնում, որն անջատում է PPARγ-ի կողմից ակտիվացված գեները: Նույնիսկ եթե բջիջը ստանում է ճարպային դառնալու ազդանշան, YAP-ը և TAZ-ը կարող են անտեսել այն և պահպանել բջիջը ավելի քիչ մասնագիտացված վիճակում։

Բջիջների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ երբ Hippo ազդանշանային ուղին, որը սովորաբար արգելակում է YAP-ի և TAZ-ի ակտիվությունը, անջատվում է, ճարպային բջիջները մասամբ կորցնում են իրենց հատկությունները: Դրանք լիովին չեն վերադառնում ցողունային բջիջների կարգավիճակին, սակայն կորցնում են ադիպոցիտների բնորոշ գծերը և սկսում են վարվել իրենց նախորդների նման։

«Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, որ ճարպային բջիջների դիֆերենցիացիան խստորեն վերահսկվում է էպիգենետիկ մակարդակում, այլ ոչ թե միայն դասական գեների կարգավորման միջոցով»,- նշում է հետազոտության ղեկավար, մոլեկուլային կենսաբան Դե-Սիկ Լիմը։

Հեղինակներն ընդգծում են, որ ավելորդ ճարպային բջիջները կամ դրանց կուտակումը «սխալ» վայրերում ուղղակիորեն կապված են սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների զարգացման հետ: Ավելին, ձևավորված ճարպային բջիջները չափազանց դժվար է վերացնել. քաշի կորուստը սովորաբար միայն հանգեցնում է դրանց կծկմանը, այլ ոչ թե անհետացմանը։

Այս նոր արդյունքները հնարավորություն են տալիս նոր հայացքով նայել ճարպային հյուսվածքի ձևավորման գործընթացին և կարող են հանգեցնել ճարպակալման ավելի ճշգրիտ և անհատականացված բուժման ռազմավարությունների մշակմանը: Ընդսմին, հետազոտությունը կատարվել է միայն մկների վրա, և մարդկանց վրա կլինիկական կիրառումը կպահանջի երկար տարիների հետազոտություններ: