Ըստ News Medical Live Sciences-ի, գիտնականներն ու կլինիցիստներն առաջին անգամ ներկայացրել են հոգեդելիկ բժշկության կիրառման պաշտոնական կլինիկական հանձնարարականներ։ Դրանք բժիշկների և մասնագետների համար նախատեսված ուղղորդող ցուցումներ են, որոնք օգնում են անվտանգ և արդյունավետ կերպով կիրառել հոգեդելիկ մեթոդները հոգեկան խանգարումների բուժման մեջ։
Այս փաստաթուղթը դարձել է Johns Hopkins Psychiatry POC-IT Guide ընդլայնված թվային տեղեկագրի մաս, որը լայնորեն կիրառում են կլինիցիստներն ամբողջ աշխարհում:
Հոգեդելիկ բժշկությունը ոլորտ է, որն ուսումնասիրում է հոգեդելիկների, օրինակ՝ պսիլոցիբինի կամ այլ հոգեակտիվ նյութերի օգտագործումը հոգեթերապիայի հետ համակցված՝ բարդ և կայուն հոգեկան վիճակների բուժման համար։
Վերջին տարիներին կլինիկական փորձարկումներն ակտիվորեն ուսումնասիրում են նման մեթոդները, և հետազոտությունների տվյալները ցույց են տալիս այն մարդկանց վիճակը բարելավելու ներուժը, որոնց դեպքում ստանդարտ մոտեցումներն արդյունավետ չեն եղել:
Նոր հանձնարարականները մշակել են Ջոնս Հոփքինսի համալսարանին կից Հոգեդելիկ բժշկության և գիտակցության հետազոտությունների կենտրոնի փորձագետները, որն այս ոլորտի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկն է։ Դրանք ներառում են հիմնավորված կլինիկական մոտեցումներ, որոնք օգնում են բժիշկներին հոգեդելիկ միջամտությունների վերաբերյալ կայացնել ապացուցողական բժշկության վրա հիմնված որոշումներ։ Այս ցուցումների նպատակն է բարելավել բուժման արդյունքները, նվազեցնել հիվանդների համար ռիսկերը և մասնագետներին հստակ կողմնորոշիչներ տալ բժշկության այս արագ զարգացող ոլորտում։
Ուղեցույցն առանձնակի ուշադրություն է դարձնում հիվանդների անվտանգությանը. հանձնարարականներն օգնում են բժիշկներին կատարել հիվանդների նախնական ընտրություն, քննարկել նրանց հետ հնարավոր ռիսկերն ու սպասվող արդյունքները, ինչպես նաև կազմակերպել ուղեկցումը թերապևտիկ սեանսների ընթացքում և դրանցից հետո։ Նման գործելակերպը հատկապես կարևոր է դժվար բուժվող դեպրեսիաներով, հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ (ՀՎՍԽ) և հոգեկան այլ բարդ վիճակներով մարդկանց համար, որոնց ավանդական մեթոդները միշտ չէ, որ օգնել են:
Թարմացված ուղեցույցը ներառում է նաև կրթական նյութեր հիվանդների համար՝ նման մոտեցումների հնարավոր ազդեցությունների վերաբերյալ նրանց պատկերացումները բարելավելու նպատակով։ Ձեռնարկն արդեն հասանելի է Johns Hopkins Psychiatry Guide հավելվածի միջոցով App Store և Google Play հարթակներում, ինչպես նաև ինստիտուցիոնալ մուտքի միջոցով: