Ուպսալայի համալսարանի գիտնականների հավաքագրած նոր տվյալները ցույց են տալիս, որ վերջին երկու տասնամյակում Շվեդիայում կարդիոմիոպաթիայի ախտորոշման դեպքերի թիվն էապես աճել է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում։

Կարդիոմիոպաթիաները սրտամկանի լուրջ հիվանդություններ են, որոնք կարող են հանգեցնել սրտային անբավարարության, ռիթմի խանգարումների և հանկարծակի մահվան։ Մինչև օրս այս հիվանդությունների տարածվածության և տարբեր տարիքային խմբերում մահացության վրա դրանց ազդեցության վերաբերյալ լայնածավալ տվյալներ չկային, ուստի նոր հետազոտությունը դարձել է ամբողջ երկրում տիրող իրավիճակը համապարփակ գնահատելու առաջին փորձերից մեկը։

Գիտնականները վերլուծել են Շվեդիայի ազգային բժշկական ռեգիստրների 2004-2023 թվականների տվյալները և առանձնացրել կարդիոմիոպաթիա ախտորոշմամբ շուրջ 57,000 պացիենտի։ Այս ընթացքում ախտորոշման հաճախականությունն ավելի քան կրկնապատկվել է, հատկապես երկու հիմնական տեսակների դեպքում՝ դիլատացիոն կարդիոմիոպաթիայի (երբ սիրտը մեծանում և թուլանում է) և հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի (երբ սրտի պատի մկանը հաստանում և կարծրանում է)։ Կանանց շրջանում զգալիորեն հաճախացել է նաև հազվադեպ ձևերի ախտորոշումը, այդ թվում՝ տակոցուբո կարդիոմիոպաթիայի, որը սթրեսով պայմանավորված խանգարում է և երբեմն անվանում են «կոտրված սրտի համախտանիշ»։

Հետազոտողներն ընդգծում են՝ դեռևս պարզ չէ՝ ախտորոշումների թվի աճն արտացոլում է հիվանդների իրակա՞ն աճը, թե՞ ախտորոշման բարելավումը և բժիշկների ու պացիենտների տեղեկացվածության բարձրացումը։ Հավանաբար երկու գործոնն էլ դեր են խաղում, քանի որ վերջին տարիներին ավելի հասանելի են դարձել սրտի վիզուալիզացիայի մեթոդները և կլինիկական արձանագրությունները, որոնք թույլ են տալիս ավելի վաղ և ճշգրիտ հայտնաբերել ոչ տիպիկ դեպքերը։

Ընդ որում, կարդիոմիոպաթիաները կապված են բոլոր տարիքային խմբերում մահացության զգալիորեն բարձր մակարդակի հետ՝ ընդհանուր բնակչության համեմատ։ Դա հատկապես ակնառու է երիտասարդ պացիենտների շրջանում. երիտասարդ կանանց մահվան ռիսկը մոտ 32 անգամ ավելի բարձր է եղել, քան նույն տարիքի առողջ կանանց մոտ, իսկ երիտասարդ տղամարդկանց մոտ՝ մոտ 16 անգամ ավելի բարձր։ Տարիքի հետ մահացության տարբերությունը նվազել է, բայց նույնիսկ տարեցների շրջանում կարդիոմիոպաթիայով պայմանավորված մահացությունը մոտ երկու անգամ բարձր է եղել, քան ընդհանուր բնակչության շրջանում։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս արդյունքներն ընդգծում են հիվանդության մեխանիզմների ավելի լավ ընկալման, վաղ ախտորոշման և ավելի թիրախային բուժման մեթոդների մշակման անհրաժեշտությունը։