Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է ուղեղը կենսաբանորեն ավելի երիտասարդ դարձնել։ Այս մասին ցույց է տվել ամերիկացի գիտնականների նոր կլինիկական հետազոտությունը։ Այն մասնակիցները, որոնք մեկ տարվա ընթացքում հետևել են ֆիզիկական ծանրաբեռնվածության առաջարկվող մակարդակին, ՄՌՏ տվյալների համաձայն՝ ցուցադրել են ուղեղի ավելի «երիտասարդ» պրոֆիլ՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն փոխել իրենց ապրելակերպը։ Աշխատությունը հրապարակվել է Journal of Sport and Health Science (JSHS) ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 26-ից 58 տարեկան 130 առողջ չափահաս մարդ։ Նրանց բաժանել են երկու խմբի. առաջինը 12 ամսվա ընթացքում հետևել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականներին՝ շաբաթական մոտ 150 րոպե չափավոր կամ ինտենսիվ աերոբիկ ակտիվություն, իսկ երկրորդը պահպանել է ակտիվության սովորական մակարդակը։
Փորձի արդյունքներով գիտնականները գնահատել են ուղեղի այսպես կոչված կենսաբանական տարիքը՝ ցուցանիշ, որն արտացոլում է նյարդային հյուսվածքի «մաշվածության» աստիճանը՝ ըստ բիոմարկերների համակցության և ՄՌՏ տվյալների։ Պարզվել է, որ ֆիզիկապես ակտիվ մասնակիցների ուղեղը միջինում 0,6 տարով ավելի երիտասարդ տեսք է ունեցել, քան նրանց օրացուցային տարիքն է։ Ստուգիչ խմբում, ընդհակառակը, ուղեղը միջինում 0,35 տարով «ավելի ծեր» է եղել, քան ժամանակագրական տարիքը։ Ընդհանուր առմամբ, խմբերի միջև տարբերությունը մոտեցել է մեկ տարուն։
Կենսաբանական ծերացումը նշանակում է ոչ թե պարզապես ապրած տարիների քանակ, այլ հյուսվածքներում միկրովնասվածքների և ֆունկցիոնալ փոփոխությունների կուտակում։ Ավելի «երիտասարդ» ուղեղը պոտենցիալ կերպով կապված է ճանաչողական ֆունկցիաների ավելի լավ պահպանման և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ դեմենցիայի նկատմամբ մեծ դիմադրողականության հետ, թեև այս աշխատանքում այդ ռիսկերն ուղղակիորեն չեն գնահատվել։
Հետաքրքիր է, որ գիտնականներին չի հաջողվել ճշգրիտ սահմանել, թե հատկապես որ մեխանիզմների հաշվին է ֆիզիկական ակտիվությունն ազդում ուղեղի տարիքի վրա։ Ակնկալվում է, որ առանցքային դեր կխաղան սիրտ-շնչառական դիմացկունության բարելավումը կամ զարկերակային ճնշման նվազումը, սակայն վիճակագրական վերլուծությունը դա չի հաստատել։ Հեղինակների կարծիքով՝ էֆեկտը կարող է կապված լինել ավելի նուրբ գործընթացների հետ՝ բորբոքային երևույթների նվազման, ուղեղի անոթային համակարգի փոփոխությունների կամ մոլեկուլային տեղաշարժերի հետ, որոնք առայժմ դժվար է արձանագրել։






