Նռան բաղադրիչ ծառայող պունիկալագինը կարող է նվազեցնել սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների վտանգի բարձրացմանն առնչվող նյութերի առաջացումը։ Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի սննդի և առողջության հետազոտությունների Քուադրամ ինստիտուտի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) գիտական հանդեսում։
Պունիկալագինը պոլիֆենոլների խմբի նյութ է, որը պարունակում է նռան հյութում և կեղևում, ինչպես նաև այլ բույսերում, օրինակ՝ վարդերում։ Այն գործում է որպես հակաօքսիդանտ՝ պաշտպանելով բջիջները վնասակար ազդեցություններից և թունավոր նյութերից։
Մարդու աղիքի լաբորատոր մոդելում հետազոտողները ցույց են տվել, որ պունիկալագինը գրեթե ամբողջությամբ արգելափակում է L-կարնիտինից տրիմեթիլամինի (TMA) առաջացումը։ Այդ գործընթացը կարևոր է համարվում, քանի որ TMA-ն լյարդում վերածվում է մի մոլեկուլի, որը նախկինում կապված էր աթերոսկլերոզի (սրտանոթների կարծրացման հիվանդության), շաքարախտի և մահացության աճի զարգացման հետ։
Գիտնականները համեմատել են նռան լուծամզվածքի տարբեր բաղադրիչների, ներառյալ՝ այլ պոլիֆենոլների, դրանց մետաբոլիտների և օժանդակ նյութերի ազդեցությունը։ Պարզվել է, որ միայն պունիկալագինն է զգալի արգելակող ազդեցություն ցուցաբերել L-կարնիտինի TMA-ի մանրէային փոխակերպման վրա: Նռան լուծամզվածքն ինքնին նույնպես ամբողջությամբ արգելափակել է այդ գործընթացը, հավանաբար՝ TMA-ի ձևավորմանը մասնակցող աղիքային մանրէների համար անբարենպաստ միջավայրը թթվայնացնելու հաշվին։
Հեղինակներն ընդգծում են, որ դա փորձարարական մոդել է և ոչ թե մարդկանց վրա ազդեցության ուղղակի ապացույց: Ընդսմին, ստացված տվյալները մատնանշում են պունիկալագինը որպես խոստումնալից բնական միացություն, որը ապագայում կարող է օգտագործվել սննդակարգում կամ կանխարգելիչ ռազմավարություններում՝ սրտի և նյութափոխանակության հիվանդությունների վտանգը նվազեցնելու համար:






