Այն կանայք, ովքեր ուժեղ տագնապ են զգում տարիքի հետ առողջության վատթարացման պատճառով, մոլեկուլային մակարդակում ավելի արագ են ծերանում: Նման եզրակացության են եկել գիտնականները՝ վերլուծելով ծերացման էպիգենետիկ մարկերները։ Աշխատանքը հրապարակվել է Psychoneuroendocrinology ամսագրում։

Տարիքն ավելի ու ավելի հաճախ է դիտարկվում ոչ միայն որպես ապրած տարիների թիվ, այլ որպես կենսաբանական գործընթաց։ Նույն օրացուցային տարիքի մարդկանց մոտ կենսաբանական ծերացումը կարող է ընթանալ տարբեր արագությամբ. դա կախված է բջիջների վիճակից։ Նման տարբերությունները գնահատելու համար գիտնականներն օգտագործում են այսպես կոչված էպիգենետիկ «ժամացույցները», որոնք հիմնված են ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխությունների վրա (քիմիական պիտակներ, որոնք կարգավորում են գեների ակտիվությունը):

Նախկինում ապացուցվել է, որ քրոնիկական սթրեսը և հոգեբանական անբարենպաստ վիճակը կարող են արագացնել կենսաբանական ծերացումը։ Սակայն հենց ծերացման հետ կապված յուրահատուկ տագնապի ազդեցությունն է մինչ այժմ թույլ ուսումնասիրված եղել։ Տագնապի այս ձևը ներառում է վախեր՝ կապված առողջության վատթարացման, գրավչության և վերարտադրողական հնարավորությունների կորստի հետ. խնդիրներ, որոնց կանայք բախվում են սոցիալական առանձնահատուկ ճնշման ներքո։

Նյու Յորքի համալսարանի Գլոբալ հանրային առողջության դպրոցի մասնագետ Մարիանա Ռոդրիգեսի գլխավորած հետազոտական խումբը վերլուծել է 726 կանանց տվյալներ, ովքեր մասնակցել են ամերիկյան մասշտաբային MIDUS հետազոտությանը: Մասնակիցները հանձնել են արյան անալիզ և պատասխանել իրենց հոգեբանական վիճակի մասին հարցերին:

Գիտնականները գնահատել են անհանգստությունը երեք չափանիշով՝ վախ, կապված առողջության վատթարացման հետ, արտաքին տեսքի վերաբերյալ մտահոգություններ և վերարտադրողական ծերացման հետ կապված անհանգստություն: Կենսաբանական տարիքը որոշվել է երկու էպիգենետիկ ալգորիթմների միջոցով, որոնցից մեկը՝ DunedinPACE-ը, թույլ է տալիս գնահատել ծերացման ներկայիս տեմպը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ հենց առողջության համար մտահոգությունն է կապված կենսաբանական ծերացման արագացման հետ: Այն կանայք, ովքեր ավելի շատ են անհանգստացել հնարավոր հիվանդությունների և ֆիզիկական անկման պատճառով, դրսևորել են բջիջների ծերացման ավելի բարձր արագություն՝ անկախ արդեն իսկ առկա քրոնիկական հիվանդություններից:

Ընդ որում, արտաքին տեսքի և վերարտադրողական տարիքի հետ կապված մտահոգությունները վիճակագրորեն զգալի կապ չեն ցուցաբերել արագացված ծերացման հետ: Գիտնականների կարծիքով՝ նման վախերը ժամանակի ընթացքում թուլանում են, մինչդեռ առողջության համար տագնապը, ընդհակառակը, տարիքի հետ ուժեղանում է։