Chlamydia pneumoniae տարածված մանրէն, որը սովորաբար թոքաբորբ եւ սինուսիտներ է առաջացնում, կարող է կապված լինել նաեւ կոգնիտիվ վիճակի վատացման եւ Ալցհեյմերի հիվանդության հետ, եթե այն առկա է աչքի ցանցաթաղանթում։ Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ Cedars-Sinai բժշկական կենտրոնի գիտնականները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում։
Chlamydia pneumoniae-ն ավելի վաղ հայտնաբերվել է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց ուղեղում: Այժմ հետազոտողներն առաջին անգամ ցույց են տվել, որ մանրէն մեծ քանակությամբ հանդիպում է նաեւ ցանցաթաղանթում՝ աչքի հետեւի մասում գտնվող հյուսվածքում, որը պատասխանատու է տեսողական ազդանշանների մշակման համար: Ընդ որում, դրա խտությունն ավելի բարձր էր Ալցհեյմերի հիվանդության հաստատված ախտորոշում ունեցող մարդկանց մոտ եւ կապված էր կոգնիտիվ խանգարման ծանրության հետ։
«Աչքը կարելի է համարել ուղեղի «հայելին»: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ցանցաթաղանթի բակտերիալ վարակը եւ քրոնիկական բորբոքումը կարող են արտացոլել ուղեղի պաթոլոգիական գործընթացները եւ կանխատեսել հիվանդության կարգավիճակը», նշել է Cedars-Sinai-ի նեյրոկենսաբան Մայա Կորոնիո-Համաուին:
Առաջին փուլում գիտնականները վերլուծել են 104 մարդու աչքի եւ ուղեղի հյուսվածքի նմուշները մահվանից հետո: Նրանց թվում էին Ալցհեյմերի հիվանդություն, թեթեւ կոգնիտիվ խանգարում եւ դեմենցիայի նշաններ չունեցող պացիենտներ: C. pneumoniae-ի առկայությունը ցանցաթաղանթում եւ ուղեղում ուժեղ կապ է ունեցել Ալցհեյմերի ախտորոշման հետ, մինչդեռ այդ կապը թույլ էր թեթեւ կոգնիտիվ խանգարում ունեցող մարդկանց մոտ։
Նաեւ պարզվել է, որ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը մեծացնող APOE գենի տարբերակը կրողներն իրենց հյուսվածքներում ունեցել են մանրէների ավելի բարձր մակարդակ: Սա ենթադրում է գենետիկ նախատրամադրվածության եւ վարակիչ գործոնների միջեւ հնարավոր փոխազդեցություն:
Այնուհետեւ թիմը փորձեր է անցկացրել նեյրոնային կուլտուրաների եւ կենդանիների մոդելների վրա: Նրանք ցույց են տվել, որ Chlamydia pneumoniae վարակը մեծացնում է բորբոքումը, արագացնում նյարդային բջիջների մահը եւ խաթարում կոգնիտիվ գործառույթը: Բացի այդ, վարակը կապված է եղել բետա-ամիլոիդի՝ Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ թունավոր բշտեր առաջացնող սպիտակուցի բարձր մակարդակի հետ:
Հեղինակներն ընդգծել են, որ այս հայտնագործությունը մատնանշում է ախտորոշման եւ թերապիայի նոր հնարավորություններ: Եթե վարակի, բորբոքման եւ նեյրոդեգեներացիայի միջեւ կապը հաստատվի, ցանցաթաղանթը կարող է դառնալ հարմար ոչ ինվազիվ հարթակ վաղ փուլերում դեմենցիայի ռիսկը հայտնաբերելու համար:
Գիտնականները պլանավորում են շարունակել հետազոտությունները՝ մանրէների գործողության մեխանիզմները պարզաբանելու եւ գնահատելու համար, թե արդյոք քրոնիկական վարակների դեմ պայքարը կարող է դանդաղեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջընթացը:






