Մարդու ֆիզիկական առողջությունն իր գագաթնակետին է հասնում մոտ 35 տարեկանում, որից հետո սկսվում է ֆիզիկական կատարողականի աստիճանական անկում՝ անկախ նրանից՝ մարդը սպորտով է զբաղվում, թե ոչ։ Դրա մասին պատմել է Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտաշխատող Մարիա Վեստերստոլը։ Փորձագետին մեջբերում է Science Alert գիտական հանդեսը։

Ըստ գիտնականի՝ արհետավարժ մարզիկների մասնակցությամբ նախորդ աշխատանքն արդեն ցույց է տվել, որ նույնիսկ կանոնավոր մարզումների դեպքում առավելագույն ֆիզիկական պատրաստվածությունն առավել հաճախ նկատվում է մոտ 30 տարեկանում: Դա ցույց է տալիս, որ տարիքային մկանների կորստի մեխանիզմները սկսվում են դեռևս կլինիկական առումով նկատելի դառնալուց առաջ: Նոր հետազոտությունն հնարավորություն է ընձեռել ավելի ստույգ որոշել այդ բեկումնային պահը:

Հետազոտությունում օգտագործվել է շվեդական Swedish Physical Activity and Fitness (SAF) երկարաժամկետ նախագծի տվյալները, որը շարունակվում է 1974 թվականից: Հետազոտության շրջանակում գիտնականները հետևել են Շվեդիայի բնակիչների առողջական վիճակի փոփոխություններին՝ սկսած դեռահաս տարիքից: Նույն մասնակիցների ուժն ու մարզավիճակը չափվել են 16, 27, 34, 52 և 63 տարեկանում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ մոտ 35 տարեկանում ֆիզիկական հնարավորությունները հասնում են առավելագույնին, որից հետո սկսվում է մկանային ուժի աստիճանական վատթարացում և նվազում։ Այդ գործընթացը կապված է բնական ծերացման և մկանային հյուսվածքի աստիճանական կորստի հետ, որը որոշ մարդկանց մոտ հատկապես նկատելի է դառնում 60 տարեկանից հետո և կարող է սահմանափակել դյուրաշարժությունը:

Միաժամանակ, հետազոտությունը բացահայտել է ևս մի հուսադրող փաստ. Մասնակիցները, ովքեր սկսել են կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ չափահաս տարիքում, կարողացել են բարելավել սեփական ակտիվությունը մոտ 10%-ով: Մարզումները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ դադարեցնել տարիքային փոփոխությունները, ընդսմին, դրանք ի վիճակի են զգալիորեն դանդաղեցնել դրանք:

«Շարժվել սկսելու համար երբեք ուշ չէ: Ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել մկանային ուժի կորստի արագությունը, նույնիսկ եթե այն չի կարող լիովին կանխել այն»,- նշել է Վեստերստոլը: