Շատերը նկատում են, որ 20 տարեկանում բավականաչափ էներգիա են ունեցել քնի պակասի, գիշերային աշխատանքի և առանց տեսանելի հետևանքների ակտիվ կյանքի համար։ 40 տարեկանում այդ «տոկունությունը» հաճախ նվազում է, իսկ հոգնածությունը խրոնիկական է դառնում։ Սակայն, ինչպես ցույց են տալիս ֆիզիոլոգիական և նյարդակենսաբանական տվյալները, խոսքը ոչ այնքան ծերացման, որքան մի քանի գործոնների համակցության մասին է, գրում է The Conversation-ը։

Երիտասարդ հասուն տարիքում կենսաբանական համակարգերի մեծ մասը գործում է իր բարձրակետին: Մկանային զանգվածը բարձր է նույնիսկ առանց կանոնավոր վարժությունների, իսկ մկանները, որպես նյութափոխանակության ակտիվ հյուսվածք, նվազեցնում են էներգիայի ծախսերը ամենօրյա գործունեության համար: Միտոքոնդրիաները, որոնք պատասխանատու են էներգիայի արտադրության համար, երիտասարդության շրջանում ավելի շատ են և արդյունավետ, իսկ քունն օրգանզիմի վերականգնումն ապահովող խոր դանդաղ քնի ավելի շատ փուլեր է պարունակում:

Հորմոնալ ռիթմերը 20 տարեկանում ևս կայուն են։ Կորտիզոլը, մելատոնինը, աճի հորմոնը և սեռական հորմոնները արտադրվում են կանխատեսելի ամենօրյա ցիկլերով՝ զգոնության հավասար մակարդակ պահպանելով:

40 տարեկանում ոչ մի համակարգ շարքի դուրս չի գալիս, սակայն աննշան փոփոխությունների կուտակումը նկատելի է դառնում։ Մկանային զանգվածն աստիճանաբար նվազում է առանց ուժային մարզումների, իսկ նորմալ ֆիզիկական ակտիվությունը ավելի շատ էներգիա է պահանջում։ Միտոքոնդրիաները նվազ արդյունավետ են աշխատում, ինչը դժվարացնում է օրգանզիմի համար փոխհատուցել քնի պակասը և սթրեսը:

Այս տարիքում քունը հաճախ հատվածական է. թեև դրա տևողությունը կարող է պահպանվել, սակայն վերականգնողական փուլերի համամասնությունը նվազում է: Արդյունքում հոգնածությունը կուտակվում է ու մեկ հանգստից հետո չի վերանում։

Հորմոնալ անկայունությունն առանձնահատուկ դեր է խաղում հատկապես կանանց շրջանում։ Խնդիրը ոչ այնքան հորմոնների ցածր մակարդակն է, որքան դրանց տատանումները, որոնք ազդում են ջերմակարգավորման, քնի և էներգիայի ռիթմերի վրա։

40 տարեկանում հաճախ մեծանում է ճանաչողական ունակությունների ծանրաբեռնվածությունը՝ կառավարման գործառույթները, աշխատանքի պատասխանատվությունը, երեխաների և տարեց հարազատների խնամքը։ Նախաճակատային կեղևի (prefrontal cortex PFC) աշխատանքը, որը պատասխանատու է պլանավորման և վերահսկման համար, պահանջում է զգալի էներգիայի ծախսեր և ծանրաբեռնվածությամբ համեմատելի է ֆիզիկական աշխատանքի հետ:

Միաժամանակ հետազոտությունները ցույց են տալիս, որ տարիքի հետ իրավիճակը կարող է կայունանալ։ Անցումային շրջանից հետո հորմոնալ համակարգերը հավասարեցվում են, կյանքի դերերը պարզեցնում են, և ճանաչողական բեռը նվազում է: Քունը կարող է դառնալ ավելի կարճ, սակայն ավելի արդյունավետ, իսկ 60-70 տարեկանում ուժային մարզումները և ֆիզիկական ակտիվությունը առաջվա պես բարելավում են նյութափոխանակությունը և էներգիայի մակարդակը:

Գիտնականների կարծիքով՝ 40 տարեկանում ծանր հոգնածությունն անխուսափելի անկման նշան չէ, այլ կենսաբանության փոփոխության և կյանքի բարձր պահանջների անհամապատասխանության արդյունք: Դա վերջը չէ, այլ ազդանշան, որ խաղի պայմանները փոխվել են։