Մարդու ուղեղը ռոմանտիկ զուգընկերոջը մշակում է այլ կերպ, քան մտերիմ ընկերներին, սակայն ժամանակի ընթացքում այդ տարբերությունը անհետանում է։ Նման եզրահանգման է եկել գիտնականների միջազգային թիմը։ Հետազոտությունը հրապարակվել է Social Cognitive and Affective Neuroscience (SCAN) ամսագրում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարաբերությունների վաղ փուլերում ուղեղի պարգևատրման համակարգում ձևավորվում է զուգընկերոջ հատուկ «նեյրոնային հետք», բայց հենց կապը դառնում է ավելի կայուն, այն աստիճանաբար կորցնում է իր եզակիությունը։ Ըստ հեղինակների՝ սա արտացոլում է անցումը կրքոտ սիրուց դեպի ավելի հանգիստ՝ գործընկերային կապվածության ձևին։
Հոգեբանները կենտրոնացել են հարակից կորիզի աշխատանքի վրա. սա ուղեղի այն հատվածն է, որը սերտորեն կապված է դոֆամինի հետ և պատասխանատու է մոտիվացիայի ու պարգևատրման զգացողության համար։ Նախկինում կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ հենց այս գոտին է առանցքային դեր խաղում զույգերի միջև կապերի ձևավորման հարցում։
Հետազոտությանը մասնակցել են 20-ից 29 տարեկան 47 տղամարդիկ, որոնք ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել միջինում մեկուկես տարի: Մասնակիցները տրամադրել են իրենց զուգընկերուհիների և մտերիմ ընկերների տեսաձայնագրությունները: Ֆունկցիոնալ ՄՌՏ հետազոտության ժամանակ տղամարդիկ կատարել են մի առաջադրանք, որի ընթացքում սպասում էին տեսնել այդ մարդկանցից մեկի հավանության արժանացող արձագանքը:
«Ռոմանտիկ հարաբերություններն առանձնանում են էքսկլյուզիվությամբ, ուժեղ ներգրավվածությամբ և կրքոտ սիրով, ինչն էլ հենց դրանք տարբերում է ընկերությունից», — պարզաբանել է աշխատության հեղինակ Քենձի Ֆուձիսակին: Նրա խոսքով՝ հետազոտողներին հետաքրքրում էր, թե «ինչպես է ուղեղը տարբերակում զուգընկերոջը ընկերներից և արդյոք այդ տարբերությունը փոխվում է ժամանակի ընթացքում»:
Վերլուծությունը ցույց է տվել, որ ուղեղն իրոք կոդավորում է զուգընկերոջը որպես առանձին, եզակի կատեգորիա. հարակից կորիզի ակտիվության մոդելները թույլ են տվել վստահորեն տարբերել զուգընկերուհու նկատմամբ արձագանքը՝ ընկերոջ կամ ընկերուհու նկատմամբ արձագանքից: Ընդ որում, մտերիմ ընկերուհու պատկերացումն ուղեղում ավելի մոտ է եղել ընկերոջ պատկերացմանը, քան զուգընկերուհու կերպարին:
Սակայն առանցքային գործոնը հարաբերությունների տևողությունն է։ Գիտնականները պարզել են, որ որքան երկար է զույգը միասին եղել, այնքան ավելի քիչ ընդգծված է դարձել զուգընկերոջ և մտերիմ ընկերոջ միջև նեյրոնային տարբերությունը։ Այս էֆեկտը պահպանվել է նույնիսկ մտերմության, կրքի և կապվածության սուբյեկտիվ գնահատականները հաշվի առնելուց հետո։
«Հարաբերությունների վաղ փուլերը բնութագրվում են կրքոտ սիրով, որը պահանջում է պարգևատրման համակարգի աշխատանքի բարձր յուրահատկություն», — նշել է Ֆուձիսակին։ «Հարաբերությունների զարգացմանը զուգընթաց այդ նեյրոնային յուրահատկությունը նվազում է, ինչը կարող է արտացոլել անցումը դեպի ավելի կայուն՝ գործընկերային սիրո, որը շատ առումներով նման է խորը ընկերությանը»։
Հեղինակներն ընդգծել են, որ նեյրոնային «եզակիության» նվազումը չի նշանակում հարաբերությունների վատթարացում։ Ընդհակառակը, դա կարող է վկայել դրանց պահպանման կենսաբանական մեխանիզմների փոփոխության մասին։ Հետագայում գիտնականները ծրագրում են ուսումնասիրել, թե ուղեղի որ այլ համակարգերն են օգնում պահպանել երկարատև կապերը և ինչպես են դրանց վրա ազդում այնպիսի փուլեր, ինչպիսիք են համատեղ բնակությունը կամ ամուսնությունը։






