Կալիֆոռնիայում վայրի սնկերի թունավորումների կտրուկ աճ է գրանցվել, և նահանգային պաշտոնատար անձինք բնակիչներին պաշտոնապես կոչ են արել ձեռնպահ մնալ սունկ հավաքելուց, հաղորդում է Medical Xpress պարբերականը։

Առողջապահության ծառայությունների տվյալներով՝ աշնան կեսերից ի վեր գրանցվել է ծանր թունավորման ավելի քան երեսուն դեպք, չորս մարդ մահացել են, իսկ մի քանիսը լյարդի փոխպատվաստման կարիք են ունեցել։ Վտանգի հիմնական աղբյուրը դժգույն գարշասունկն է (Amanita phalloides)՝ աշխարհի ամենաթունավոր սնկերից մեկը։

Դժգույն գարշասունկը, որը գիտականորեն հայտնի է որպես Amanita phalloides, պարունակում է ամատոքսիններ՝ թույներ, որոնք քայքայում են լյարդի և երիկամների բջիջները։ Այդ սնկի նույնիսկ փոքր քանակությունը կարող է անդառնալի վնաս հասցնել, իսկ ջերմամշակումը, չորացնելը կամ սառեցնելը չեն ոչնչացնում թույնը։ Ենթադրվում է, որ այդ սունկը ամբողջ աշխարհում մահացու սնկային թունավորումների մեծ մասի պատճառն է։

Մասնագետների կարծիքով՝ այս սեզոնի տաք եղանակի և վաղ անձրևների համադրությունը ստեղծել է իդեալական պայմաններ դժգույն գարշասունկի աճի համար։ Սունկը շատ է հանդիպում այգիներում, մարգագետիններում, բնակելի թաղամասերի մոտ և անտառներում, հատկապես Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային մասում և կենտրոնական ափին: Լրացուցիչ վտանգ է այն, որ մատղաշ նմուշները կարելի է հեշտությամբ շփոթվել անվնաս ուտելի սնկերի հետ։

Թունավորման ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս մի քանի ժամվա կամ նույնիսկ մեկ օրվա ընթացքում: Սկզբում դրանք ներառում են սրտխառնոց, փսխում, փորլուծություն և ցավեր որովայնում: Դրան կարող է հաջորդել ինքնազգացողության կարճատև բարելավում, ստեղծելով ապաքինման կեղծ զգացողություն, որից հետո սկսվում է լյարդի ծանր վնասը: Հենց այդ փուլում է մահվան ամենաբարձր ռիսկը։

Բժիշկներն ընդգծում են, որ շատ տուժածներ տեղյակ չեն եղել վտանգի մասին, իսկ լեզվական խոչընդոտը հաճախ խանգարել է ժամանակին նախազգուշացումներին: Իշխանությունները խստորեն խորհուրդ են տալիս սունկ գնել միայն հեղինակավոր վաճառողներից և խուսափել ցանկացած վայրի տեսակ օգտագործելուց, նույնիսկ եթե դրանք ծանոթ և «ավանդական» են թվում: