Այո, դեռ շատ աշխատանք ունենք անելու, որ այս էլեկտրոնային թվային գործիքները դառնան մաքսիմալ հարմարավետ՝ հնարավորինս մարդակենտրոն, հնարավորինս քիչ լոգիստիկ տեղաշարժեր ապահովող ծառայություններ ստանալու համար։ Այս մասին, այսօր, հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի՝ պոլիկլինիկաների թողունակության և «Արմեդ» համակարգի աշխատանքի մասին հարցին։

«Դիմելու պրոցեսը շատ երկար է տևում․ և դա պոլիկլինիկաների թողունակության և «Արմեդ» համակարգի աշխատանքի խնդիրն է։ Մարդ կարող է «Արմեդով» դիմել, գրանցվել, բայց տեղում պարզվի, որ պոլիկլինիկայում այդ այցը գրանցված չէ, և պետք էր զանգով գրանցվել։ Նույնը ուղեգրելու դեպքում․ փորձում է ուղեգիրը գրանցել որևէ բուժհաստատությունում «Արմեդով», բայց պարզվում է, որ պիտի անպայման փաստաթղթով գնա այնտեղ, որպեսզի իրեն հերթագրեն։ Այս ամբողջը, եթե դիտարկենք աշխատող մարդու տեսանկյունից, շատ երկար և բարդացված պրոցես է։ Եվ դեղ վերցնելու խնդիրը դեղատներում։  Դեղատոմսը կա, մարդը յոթ դեղատուն է գնում, մեկում պարզվում է իրենց ցուցակում չկա, մյուսում պարզվում է դեղը չկա և այլն։ Ի վերջո մարդը այդ դեղը գնում է իր փողով և դուրս է գալիս։ Խնդրում եմ ասեք, այս խնդիրները ինչպես են կարգավորվելու», - հարցրեց մեր թղթկիցը։

Անահիտ Ավանեսյանը նախ նշեց, որ բուժօգնություն ստանալը ժամանակ է պահանջում։ «Բժիշկը պետք է ձեզ հարցեր տա, պիտի ներկայանաք, պիտի հետազոտություն անցնենք, պետք է վիրահատություն անցնեք։ Հիմա ասե՞նք․ գիտեք աշխատող մարդը բա ինչու պիտի այսքան ժամանակ ծախսի բուժօգնությունից օգտվելու համար», - ասաց նախարարը։

Անուհետև ունդունեց, որ էլեկտրոնային թվային գործիքների օգտագրծման հետ կապված խնդիրներ կան, և այստեղ աշխատանք կա տանելու։

Դեղերի հետ կապված Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այո, լինում է, որ մի դեղատանը տվյալ դեղը վերջացել է։ «Կարիք է լինում որ մեկ դեղատոնսի մեջ գրված մի քանի դեղերը գնելու համար մարդը մի քանի դեղատուն մտնի ։ Ինչի՞ հետ է դա կապված։ «Սա առաջին ամիսն է, որ մեր դեղագործական ընկերությունները սկսել են այսպիսի մեծ ծավալով բացթողումներ անել, իրենց մոտ էլ դեռ կուտակված վիճակագրական տվյալներ չկան, թե ինչքան է իրենց սպառումը ամսեկան դեղորայքի լինելու, որ ճիշտ չափաքանակներով իրենց պաշարները համալրվեն։ Մեկ-երկու ամսից հասկանալով, թե միջին շարժը ինչքան է լինելու, վստահաբար կգան նրան, որ դեղատները մեծամասամբ կունենան ամբողջական նոմենկլատուրան», - ասաց Անահիտ Ավանեսյանը: 

Նշենք, որ մենք մի քանի անգամ անդրադարձել ենք ապահովագրության հետ կապված խնդիրներին, և շարունակելու ենք հետևել զարգացումներին։ 

Պարտադիր բժշկական ապահովագրություն. իշխանությունների հնչեղ հայտարարություններ և անվերջանալի բրոունյան շարժում