Գիտնականները եւ ինժեներները ստեղծել են նոր տեխնոլոգիա, որն առաջին անգամ թույլ է տալիս կազմել սրտի էլեկտրական ակտիվության լիակատար եռաչափ քարտեզ իրական ժամանակում, ընդամենը սրտի մեկ ցիկլի ընթացքում։

Այդ համակարգը, որն ստացել է Global Volumetric Mapping անվանումը եւ նկարագրվել է Communications Medicine ամսագրում, բժիշկներին ամբողջական, «գլոբալ» պատկերացում է տալիս առիթմիաների մասին, որոնք ավելի վաղ դժվար կամ անհնար էր տեսնել գոյություն ունեցող միջոցների օգնությամբ։

Սրտի քարտեզագրման ավանդական համակարգերը վերլուծում են այդ էլեկտրական ազդանշանները՝ ամեն անգամ ըստ մեկ խցի։ Արդյունքում՝ կլինիկական մասնագետները հաճախ ստիպված են լինում եզրահանգումներ անել տվյալների հատվածների հիման վրա, այլ ոչ թե տեսնել, թե ինչպես են էլեկտրական ալիքներն անցնում ամբողջ օրգանով։ Corify Care ընկերության նոր տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ սրտի բոլոր չորս խցերի քարտեզը միաժամանակ, վիզուալացնել ակտիվությունը ոչ միայն օրգանի մակերեսին, այլեւ պատերի եւ միջնորմների ներսում։

Սա կարեւոր է բարդ առիթմիաների բուժման եւ աբլյացիայի միջամտությունների իրականացման համար, երբ բժիշկները թիրախավորված քայքայում են հյուսվածքի մասերը, որոնք պաթոլոգիական էլեկտրական ազդանշաններ են առաջացնում։ Նոր մոտեցումը թույլ է տալիս հայտնաբերել առիթմիաների անցման ուղիները, որոնք մինչ այդ մնում էին որպես «կույր բծեր», նշանակում է՝ միջամտությունները կատարել ավելի ճշգրիտ, արագ եւ կանխատեսելի։

«Խոսքը տեսանելիության եւ վստահության մասին է»,- նշել է Corify Care-ի գործադիր տնօրեն Էնդրյու Կլիմենտը (Andreu Climent): Նրա խոսքով՝ սրտի ակտիվության ամբողջական պատկերը թույլ է տալիս ավելի արագ եւ ավելի վստահ որոշումներ կայացնել, կրճատում է միջամտության ժամանակն ու բարդությունը, ինչպես նաեւ բարելավում է պացիենտների բուժման արդյունքները։

Տեխնոլոգիան արդեն ստացել է CE մակնշում եւ ներկայում ԱՄՆ-ում վերանայվում է կարգավորող մարմինների կողմից հաստատման համար, ինչը կարող է հիմք հանդիսանալ ապագայում դրա լայն կիրառման համար: Corify Care-ը նաեւ աշխատում է համակարգը կատետրի առաջատար նավիգացիոն հարթակներին ինտեգրելու ուղղությամբ, ինչն այն ավելի գործնական կդարձնի կլինիկական պայմաններում։

Հետեւաբար, նոր տեխնոլոգիան ոչ միայն բարելավում է առիթմիաների ախտորոշումը եւ բուժումը, այլեւ հիմք է հանդիսանում սրտաբանության մեջ ավելի ճշգրիտ, արագ եւ անվտանգ միջամտությունների համար։