Այն, որ տան կահույքի մակերեսին հաճախ կարելի է հակաբոցավառիչներ գտել՝ շատերին է հայտնի, բայց որ դրանք կարող են նաեւ մարդու օրգանիզմում ապաստան գտնել՝ բելգիացի գիտնականները բոլորովին վերջերս են պարզել, հաղորդում է FoxNews- ը:

Հետազոտության շրջանակում մեզի հետազոտություններ են իրականացվել՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի 16 բնակիչների շրջանում՝ նմուշներում 6 քիմիական բոցավառիչների բիոմարկերների առկայությունը պարզելու նպատակով: Ու որքան էլ Environmental Science & Technology ամսագրում նկարագրություն գտած հետազոտությունը փոքր թվա՝ իր ծավալներով, կարեւորն այն է, որ դրա արդյունքում, ինչպես գիտնականներն են մատնանշում, «բոլոր քիմիական միացությունների՝ մարդու օրգանիզմ ներթափանցելու կարողության վերաբերյալ հիպոթեզն իր հաստատումն է գտել»:

«Բոլորի» մեջ նախ եւ առաջ քաղցկեղածին հատկությամբ աչքի ընկնող՝ TDCIPP (որի կիրառությունը՝ մանկական պիժամաների արտադրության մեջ դեռեւս տասնամյակներ առաջ է արգելվել) եւ TCEP անվամբ հայտնի հակաբոցավառիչներն են մտնում.  վերջինս առաջին անգամ է ամերիկացիների օրգանիզմում հայտնաբերվում եւ հետազոտության մասնակիցների ընդամենը 75 տոկոսի մոտ է գտնվել:

Խնդրո առարկա քիմիկատները, որոնք քաղցկեղի, ինչպես նաեւ նյարդաբանական եւ աճի խանգարումների պատճառ կարող են դառնալ, նախ եւ առաջ, փոշու հետ միասին են մարդու շնչառական համակարգ անցնում: Հետազոտության մասնակիցների բնակարաններում իրականացված թեստերի արդյունքներն այն մասին են վկայում, որ դեպքերի 50 տոկոսի պարագայում TCEP-ի եւ TDCIPP-ի՝ նորմայից բարձր խտության հետ կարելի է գործ ունենալ:

Հետազոտությանը անմիջական մասնակցություն չբերած մասնագետներից մեկի մեկնաբանմամբ, «բավական է կահույքին դիպչել եւ այնուհետեւ ձեռքը բերանը տանել՝ հակաբոցավառիչն անմիջապես օրգանիզմում կհայտնվի»: Ընդ որում, արդեն կլանված քիմիկատները ճարպերի կառույց են անցնում եւ մեծ դժվարությամբ հեռանում օրգանիզմից:

Երեւույթից խուսափելու համար փորձագետներն առաջարկում են հակաբոցավառիչներից զերծ կահույք գնել, կահույքի մակերեսը խոնավ կտորով մաքրել եւ HEPA զտիչով փոշեկուլ օգտագործել:

Այդուհանդերձ, հատկանշական է, որ, ինչպես հետազոտության հեղինակներն են մատնանշում, «նշված դեպքերում հակաբոցավառիչների՝ առողջության համար վնասակար որեւէ ներգործության վերաբերյալ վկայություններ ձեռք չեն բերվել»: