Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործման համար Նոբելյան մրցանակ ստանալուց հազարավոր տարիներ առաջ աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ բնազդաբար սովորել էին կիրառել հակամանրէնային հատկություններով օժտված բույսեր։
Թեև պենիցիլինն իր պաշտոնական անվանումն ստացել է միայն 1942 թվականին, այն սկսել է օգնել մարդկանց շատ ավելի վաղ՝ ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմների ու համաճարակների շրջանում։
Այսօր անհնար է պատկերացնել կյանքն առանց հակաբիոտիկների, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դրանք ակտիվորեն օգտագործվում են բժշկության, անասնապահության և այլ ոլորտների մեջ։ Եվ, իհարկե, հակաբակտերիալ դեղամիջոցների շուրջ ձևավորվել են բազմաթիվ առասպելներ։ Դրանցից ամենատարածվածներից մեկն այն է, թե այդ պատրաստուկները անդառնալի վնաս են հասցնում օրգանիզմին և դրանցից պետք է լիովին հրաժարվել։
Հակաբիոտիկները դեղամիջոցների խումբ են, որոնք ճնշում են բակտերիաների, նախակենդանիների, սնկերի կամ նույնիսկ չարորակ ուռուցքների որոշ տեսակի բջիջների աճը կամ ոչնչացնում դրանք։
Միևնույն ժամանակ, այլ մարդիկ հակաբիոտիկներն ընկալում են թշնամական և պոտենցիալ վտանգավոր մի բան. իբր, եթե սկսես հակաբիոտիկներ ընդունել, դա կսպանի օրգանիզմի սեփական պաշտպանական համակարգերը, ինչպես նաև օրգանիզմի մոտ կայունություն կձևավորվի դրանց հանդեպ և ապագայում՝ իսկապես ծանր իրավիճակում, դրանք կդադարեն օգնել։
Ճշմարտությունը, ինչպես միշտ, ինչ-որ տեղ այդ ամենի մեջտեղում է։ Կիրա Զասլավսկայան ընդգծում է, որ բակտերիաները գոյություն են ունեցել մեզնից շատ առաջ և գոյություն կունենան նաև մեզնից հետո։ Կան գիտական աշխատություններ, որոնք ապացուցում են, որ բակտերիաները և միկրոֆլորան կարևոր դեր են խաղացել Երկրի վրա կյանքի էվոլյուցիայի գործում։
Որքան էլ մարդկությունը ջանա, մակրոաշխարհն ու միկրոաշխարհը գտնվում են մշտական փոխազդեցության մեջ։
Հակաբիոտիկները պետք է նշանակվեն բժշկի կողմից, ընդունվեն ճիշտ ժամանակին և անհրաժեշտ կուրսով, քանի որ բակտերիալ վարակների դեպքում ինքնաբուժումը կարող է հանգեցնել ծանր բարդությունների։ Առանձնակի հարկ է նշել, որ գոյություն ունեն մի շարք խիստ վտանգավոր ներհիվանդանոցային վարակներ, երբ կյանքեր փրկելու համար կիրառվում են հակաբիոտիկների ամբողջական «կոկտեյլներ»։
Ժամանակակից աշխարհը ոչ մի դեպքում չպետք է հրաժարվի հակաբակտերիալ թերապիայից, համոզված է Կիրա Զասլավսկայան։ Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, նման հեռանկարներ դեռևս չկան։
Դա հաստատում են թվերը։ Միջազգային հետազոտական ընկերությունների տվյալների համաձայն՝ հակաբիոտիկների համաշխարհային շուկան դինամիկ աճ է գրանցում, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների աճող տարածվածությամբ, կյանքի տևողության ավելացմամբ և հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
Տարբեր գնահատականներով՝ 2025 թվականին հակաբիոտիկների գլոբալ շուկայի ծավալը կազմել է մոտ 49-54 միլիարդ դոլար, իսկ մինչև 2035 թվականը այն կարող է հասնել 70-84 միլիարդ դոլարի՝ տարեկան միջինը 3,25-4,5% աճի տեմպով։
Անհրաժեշտ է մշակել նոր հակաբիոտիկներ, նոր համակցություններ և հակաբակտերիալ գործողության նոր մեխանիզմով դեղամիջոցներ։ Պետք է ուսումնասիրել բակտերիաների կենսագործունեության վրա ազդելու տարբեր եղանակներ, բայց ոչ մի դեպքում չհրաժարվել ո՛չ մշակումներից, ո՛չ էլ այս թերապիայից։
Եվ եթե հիմա մարդուն բուժման կուրսի համար անհրաժեշտ է, օրինակ, հինգ հաբ, ապա մենք շարժվում ենք նրան, որ ապագայում խնդիրը լուծի մեկ հաբը, ընդ որում՝ այն օժտված կլինի բակտերիաների կենսափուլի վրա ներգործելու այլ մեխանիզմով։ Այսօր կան «հինգերորդ սերնդի» հակաբիոտիկներ։ Այնուամենայնիվ, զարգացման ներուժը հսկայական է։ Չէ՞ որ գոյություն ունեն սուպերվարակներ, որոնք նույնպես կատարելագործվում են։ «Նրանք միևնույն է փորձելու են ներխուժել պաշտպանական պատի միջով», – պարզաբանել է Կիրա Զասլավսկայան։
Աշխարհը չի կարող և չպետք է հրաժարվի հակաբիոտիկներից։ Դրանք թշնամի չեն, այլ գործիք, որը գրագետ կիրառման դեպքում միլիոնավոր կյանքեր է փրկում։ Այո՛, բակտերիաները էվոլյուցիա կապրեն, բայց բժշկությունը նույնպես տեղում չի կանգնում։ Ապագան ոչ թե հակաբիոտիկներից հրաժարվելն է, այլ դրանց կատարելագործումը։ Դրանք պետք է ավելի արդյունավետ, անվտանգ և հարմար դառնան հիվանդի համար։ «Մենք միշտ ապրելու ենք բակտերիաների հետ միասին։ Բայց մենք պետք է զենք ունենանք, որպեսզի մնանք մեկ քայլ առաջ», – համոզված է Զասլավսկայան։






