Մատների ձևի փոփոխությունները կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին, գրում է The Mirror-ը:
«Բժիշկները պատմել են մի պարզ թեստի մասին, որը կարող է օգնել վաղ փուլերում հայտնաբերել թոքերի քաղցկեղը, ինչը պոտենցիալ կերպով կարող է կյանքեր փրկել: Այն կայանում է նրանում, որ պետք է համադրել աջ և ձախ ձեռքերի մատների եղունգները և սեղմել դրանք միմյանց», — գրում է թերթը՝ հղում անելով Ռոյ Քասլի անվան թոքերի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին:
Նշվում է, որ բնականոն վիճակում մատների միջև պետք է առաջանա շեղանկյունաձև բաց տարածք: Եթե այն չկա, ապա դա կարող է վկայել մատների վերջին ֆալանգների հաստացման մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես գրում է Mirror-ը, նման ախտանիշ է նկատվում ոչ մանրբջջային թոքերի քաղցկեղով հիվանդների 35 տոկոսի և մանրբջջային թոքերի քաղցկեղով հիվանդների 4 տոկոսի մոտ:
Հոդվածում հստակեցվում է, որ նման թեստի դրական արդյունքը չի կարելի դիտարկել որպես չարորակ նորագոյացության առկայության պարտադիր նշան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի՝ մատների ձևի փոփոխության դեպքում:
Բացի այս դեֆորմացիայից, որը հաճախ անվանում են «թմբկափայտիկների» ախտանիշ կամ «Հիպոկրատի մատներ», թոքերի քաղցկեղի դեպքում նկատվում են նաև մշտական հազ, հևոց, հոգնածություն և քաշի կորուստ, ցավեր շնչելիս և հազալիս, ամփոփվում է նյութում:






