Տորոնտոյի կանադական համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել, որը թույլ է տվել հասկանալ, թե մտավոր ակտիվության բարձր փուլերն ինչպես են անդրադառնում մարդկանց արտադրողականության վրա:
12 շաբաթ շարունակ նրանք հետևել են ուսանողներին, որոնք ամեն օր կատարել են մտքի հստակությանը վերաբերող կարճ առաջադրանքներ: Փորձի մասնակիցները հաշվետվություններ են ներկայացրել իրենց նպատակների, հաջողությունների, տրամադրության, քնի որակի և ծանրաբեռնվածության մասին:
Հետազոտողների նպատակն էր հասկանալ, թե ինչու են որոշ օրերին մտքերը մնում պարզ, իսկ այլ օրերի մենք գլխում «մառախուղ» ենք զգում և կորցնում ուշադրության կենտրոնացումը: Երբ ուսանողների միտքը սուր էր, նրանք ոչ միայն ավելի լավ էին կատարում պլանավորված գործերը, այլև իրենց առջև ավելի բարձր նպատակներ էին դնում: Ճանաչողական հստակության անկման շրջաններում փորձարկվողների ակտիվությունը սահմանափակվում էր ընթացիկ պարզագույն գործերով, իսկ ավելի մեծ խնդիրները ստիպված էին լինում հետաձգել:
Հետազոտության մասնակիցները լավագույն ճանաչողական ունակությունները դրսևորել են լավ քնից հետո, ինչպես նաև օրվա առաջին կեսին, մինչդեռ կեսօրից հետո ակտիվությունը նվազել է։ Մոտիվացիան և կենտրոնացումը փոխկապակցված են եղել մտքի սրության հետ, իսկ սթրեսը հանգեցրել է ճանաչողական գործառույթների վատթարացման։
Հետազոտողները եզրակացնում են, որ «վերելքի» շրջանները տալիս են այնպիսի արդյունք, որը համարժեք է օրական լրացուցիչ 30-40 րոպե աշխատանքին։
Ծանրաբեռնվածության և կենտրոնացման աճը հանգեցրել է արտադրողականության բարձրացման մեկ-երկու օրվա ընթացքում, քանի որ մարդիկ ունակ են մոբիլիզացվել կարճաժամկետ խնդիրների լուծման համար։ Սակայն շաբաթվա ընթացքում տևական գերծանրաբեռնվածությունը տվել է հակառակ արդյունքը՝ նվազել է կենտրոնացումը և դժվարացել է նպատակների իրագործումը։ Հետազոտության արդյունքներով հեղինակները կիսվել են Science Advances ամսագրում։






