Ժամանակակից բժշկությունն առաջընթաց է գրանցում գլխուղեղի կրկնվող չարորակ ուռուցքների բուժման գործում, հենց դա է ցույց տվել Neurosurgery բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտության մեջ։
Գիտնականները նկարագրել են ուռուցքային հյուսվածքի ոչնչացմանն ուղղված նորարարական լազերային պրոցեդուրա, որը կարող է նոր տարբերակ դառնալ ավանդական վիրաբուժական հեռացումից, քիմիաթերապիայից կամ ճառագայթային թերապիայից հետո կրկնվող ուռուցքներ ունեցող բուժառուների համար։
Չարորակ գլիոմաների կրկնությունը դեռևս նյարդավիրաբուժության ամենաբարդ խնդիրներից մեկն է. սկզբնական բուժումից հետո ուռուցքները հաճախ վերադառնում են, և ավանդական եղանակները նվազ արդյունավետ են սպիացման, հյուսվածքային ճարտարապետության խանգարման և մնացած բջիջների դիմադրության պատճառով։ Հետազոտության հեղինակներն առաջարկել են լազերային ջերմային թերապիայի կիրառումը, որն ակտիվանում է անմիջապես ուռուցքի ներսում՝ մագնիսառեզոնանսային շերտագրության վերահսկողությամբ։ Այդ եղանակը հնարավորություն է տալիս թիրախային և նվազագույն ինվազիվ կերպով ուռուցքային բջիջները բարձր ջերմաստիճանների ենթարկել, հանգեցնելով դրանց ոչնչացմանը՝ միաժամանակ հնարավորինս խնայելով շրջակա առողջ հյուսվածքները։
Պրոցեդուրաների հիմնական տարրը վիրահատության ընթացքում մագնիսառեզոնանսային վերահսկումն է, որն ապահովում է լազերային բուժման գոտու մշտական վիզուալիզացիա (տեսողական դիտարկում և վերլուծություն -խմբ.) և նյարդավիրաբույժին հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես է տարածվում ջերմային ալիքը։
Դրա շնորհիվ բժիշկը հնարավորություն է ստանում իրական ժամանակում կարգավորել ուղղորդման ներգործությունն ու ուժը իրական ժամանակում՝ նվազեցնելով ուղեղի կարևորագույն հատվածների վնասման վտանգը։
Հետազոտությանը մասնակցել են կրկնվող ուռուցքներով բուժառուներ, որոնք նախկինում ստացել էին ստանդարտ բուժում, սակայն բախվել են ռեցիդիվի հետ։ Միջամտությունից հետո բուժառուների զգալի մասը սկզբնական վիճակի համեմատ ցուցաբերել է ուռուցքի ավելի դանդաղ աճ և բարելավված նյարդաբանական կարգավիճակ։
Նշվել է նաև, որ լազերային միջամտությունից հետո վերականգնումն ավելի արագ է եղել, քան բաց վիրահատությունից հետո, և բարդությունները եղել են հազվադեպ և իբրև կանոն՝ անցողիկ։
Հեղինակներն ընդգծում են, որ տեխնոլոգիան դեռևս պահանջում է հետագա հետազոտություններ ավելի մեծ կլինիկական փորձարկումներում և համեմատական հետազոտություններում այլ եղանակների հետ, սակայն այն արդեն իսկ խոստումնալից լրացուցիչ ռազմավարություն է կրկնվող չարորակ ուղեղի ուռուցքներով բուժառուների համար, հատկապես, երբ ստանդարտ տարբերակները սահմանափակ են։






