Journal of Neuroscience ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը լույս է սփռում այն նեյրոնային մեխանիզմների վրա, որոնք կարող են բացատրել, թե ինչու են ալկոհոլային կախվածություն ունեցող մարդիկ հաճախ նախապատվությունը տալիս ալկոհոլին՝ այլ «պարգևատրումների» փոխարեն։
Ամստերդամի բժշկական համալսարանի գիտնականները՝ Նաթան Մարշանի ղեկավարությամբ, օգտագործել են առնետների մոդելները և ուսումնասիրել, թե ինչպես է ուղեղի որոշակի հատվածի ակտիվությունն ազդում ալկոհոլի և սոցիալական փոխազդեցության միջև կատարվող ընտրության վրա։
Մարզումների ժամանակ առնետները պետք է սեղմեին կոճակները՝ երկու տեսակի «պարգևատրում» ստանալու համար՝ ալկոհոլ կամ ցեղակիցների հետ շփվելու հնարավորություն։ Արդյունքները ցույց են տվել, որ կենդանիներն ակնհայտ նախապատվությունը տվել են ալկոհոլին։ Ընդ որում, առջևի կղզյակային կեղևը՝ ուղեղի այն հատվածը, որը մասնակցում է պլանավորմանն ու որոշումների կայացմանը, ալկոհոլի հետ կապված գործողությունների ժամանակ ավելի ակտիվ է եղել, քան սոցիալական փոխազդեցությունն ընտրելիս։ Ակտիվության առանձնահատուկ աճ է նկատվել անմիջապես որոշում կայացնելուց առաջ։
Տվյալների մաթեմատիկական մոդելը ցույց է տվել, որ առջևի կղզյակային կեղևի ակտիվությունը ուղիղ համեմատական է եղել այն արագությանը, որով առնետներն ընտրել են ալկոհոլը՝ նախապատվության ձևավորումից հետո: Սա թույլ է տալիս ենթադրել, որ ուղեղի այս հատվածը կարող է «կոդավորել» որոշումների կայացման գործընթացում առաջացած շեղումը՝ խթանելով ալկոհոլի ընտրությունը այլ պարգևատրումների նկատմամբ:
Գիտնական Նաթան Մարշանի խոսքով՝ նման մոդելները օգնում են որոշումների կայացման գործընթացը բաժանել առանձին փոփոխականների, որոնք բացատրում են կենդանիների վարքագիծը, և կարող են կիրառվել նաև ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց պարագայում:
Սա հատկապես կարևոր է ալկոհոլի ոչ ադապտիվ ընտրության մեխանիզմը հասկանալու համար, որը բնորոշ է կախվածությանը, և պոտենցիալ կերպով կարող է հիմք հանդիսանալ նոր թերապևտիկ ռազմավարությունների մշակման համար:
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը մատնանշում է, որ առջևի կղզյակային կեղևի նեյրոնային ազդանշանները առանցքային դեր են խաղում ալկոհոլի նկատմամբ հակման ձևավորման հարցում։ Սա հեռանկարներ է բացում այս տվյալներն օգտագործելու համար՝ մարդկանց մոտ ալկոհոլային կախվածությունն ավելի ճշգրիտ հասկանալու և բուժելու նպատակով:






