Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը «Population» վերլուծական հարթակից և «Առողջության իրավունք» ՀԿ-ից ստացել է առաջարկության նամակ, որում, մասնավորապես, նշվում է, որ կլոր սեղան է անցկացվել «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով: Դրա մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Ըստ նրա՝ քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են համակարգի ներդրման վերաբերյալ իրենց դիտարկումները, մտահոգությունները և առաջարկները:
«Հաշվի առնելով տվյալ հարցի ռազմավարական կարևորությունը՝ նրանք խնդրել են խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ ներկայացված առաջարկների քննարկումն ու ոլորտային քաղաքականության համապարփակ վերլուծությունն ապահովելու համար։ Տեղեկացնում ենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը քննարկել է առաջարկը, և բարձրացված հարցի կարևորությունը պատշաճ կերպով գնահատվել է։ Որոշում է ընդունվել Ազգային ժողովում այդ թեմայով աշխատանքային քննարկում կազմակերպել։ Մասնակցելու հրավիրված կլինեն ոչ միայն մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ, առողջապահության փորձագետներ և շահագրգիռ կողմեր, այլև առողջապահության նախարարը, պատասխանատու պաշտոնյաներ, համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի անդամներ և պատգամավորներ։ Ժամկետները կորոշվեն նախաձեռնող խմբի հետ քննարկումից հետո»,- նշել է պատգամավորը։






