Գիտնականները հայտնաբերել են, որ հակաբիոտիկների ճիշտ համակցությունները կարող են զգալիորեն դանդաղեցնել դեղերի նկատմամբ մանրէների կայունության առաջացումը։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Microbe ամսագրում, ցույց է տվել, որ դեղերի որոշ զույգեր կարող են օգտագործել միկրոբների էվոլյուցիայի առանձնահատկությունը. երբ մանրէն կայուն է դառնում մի հակաբիոտիկի հանդեպ, այն երբեմն միաժամանակ դառնում է ավելի զգայուն մեկ ուրիշ հակաբիոտիկի հանդեպ։ Այս երեւույթը անվանում են «կոլատերալ զգայունություն», եւ այն կարող է դառնալ կարեւոր գործիք հակաբիոտիկների հանդեպ կայունության դեմ պայքարում։

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը համարվում է ամենալուրջ սպառնալիքներից մեկը գլոբալ առողջապահության համար։ Մանրէներն աստիճանաբար զարգանում են եւ ձեռք բերում դեղերից պաշտպանության մեխանիզմներ, ինչը վարակների բուժումը դարձնում է էլ ավելի բարդ։ Որոշ դեպքերում անգամ տարածված բակտերիալ հիվանդություններն են դառնում դժվար բուժելի։ Ուստի, հետազոտողները փնտրում են ոչ միայն նոր դեղեր ստեղծելու, այլեւ արդեն գոյություն ունեցողներն ավելի արդյունավետորեն օգտագործելու միջոցներ։

Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են տվյալների հսկայական զանգվածներ բակտերիալ վարակների եւ տարբեր հակաբիոտիկների հանդեպ դրանց կայունության մասին։ Դրա համար նրանք օգտագործել են տվյալների ազգային բազաները, որոնք պարունակում են հարյուր հազարավոր բակտերիալ նմուշների թեստերի արդյունքները՝ հավաքված բժշկական լաբորատորիաներում։ Նման մասշտաբը թույլ է տվել հետազոտողներին օրինաչափություններ գտնել. որոշ դեպքերում մի դեղի հանդեպ կայունությունն ուղեկցվել է մյուսի հանդեպ բարձր զգայունությամբ։

Այդ տվյալները  թույլ են տվել կազմել հակաբիոտիկների պոտենցիալ օգտակար համակցությունների քարտեզ։ Հայտնաբերված համակցությունների մի մասը արդեն հայտնի էր լաբորատոր փորձերից, սակայն կլինիկական տվյալների վերլուծությունը պարզել է նաեւ նոր տարբերակներ, որոնք մինչ այդ  չէին դիտարկվել։ Գիտնականների կարծիքով՝ այդ դեղերի կիրառման ճիշտ հաջորդականությունը կամ համակցումը կարող է նվազեցնել այն բանի հավանականությունը, որ մանրէները կկարողանան հարմարվել եւ կայունություն ձեռք բերել։

Հետազոտողներն ընդգծել են, որ  ստացված արդյունքներն առայժմ հետագա ստուգում են պահանջում, ինչպես լաբորատոր մոդելներում, այնպես էլ կլինիկական փորձերում։ Այնուամենայնիվ,  աշխատանքը ցույց է տվել, որ տվյալների մեծ բժշկական բազաները կարող են օգտակար լինել ոչ միայն մանրէների կայունության աճը վերահսկելու, այլեւ վարակների բուժման նոր ռազմավարություններ որոնելու համար։ Եթե նման մոտեցումները հաստատեն իրենց արդյունավետությունը, դրանք կօգնեն երկարացնել գոյություն ունեցող հակաբիոտիկների ազդեցության ժամկետը եւ դանդաղեցնել մանրէների կայուն շտամների տարածումը։