Բրազիլիայի Արաակուարայի դեղագործական գիտությունների դպրոցի մասնագետները մշակել են տուբերկուլոզի դեմ փորձարարական միջոց, որը կենդանիների վրա կատարված փորձարկումների ժամանակ 30 օրվա ընթացքում ամբողջությամբ ոչնչացրել է թոքերում առկա բակտերիաները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են հեղինակավոր ACS Omega ամսագրում։

Հետազոտողները փորձարկել են ֆեռոին միացությունը, որն իրենից ներկայացնում է երկաթի սուլֆատի և օրթո-ֆենանտրոլինի համալիր։ Նյութի արդյունավետությունը բարձրացնելու և դրա վերահսկելի արտազատումն ապահովելու համար գիտնականներն այն տեղադրել են լիպիդային նանոմասնիկների մեջ։

Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ այս դեղամիջոցն ունակ է ուժեղացնել հակատուբերկուլոզային հակաբիոտիկների, այդ թվում՝ ռիֆամպիցինի և պրոտեմանիդի ազդեցությունը։ Միացությունը վնասում է բակտերիաների բջջային պատը՝ խաթարելով դրանց կենսագործունեությունը։ Ազդեցության այս մեխանիզմը հիշեցնում է պենիցիլինների էֆեկտը։

Մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ նոր դեղամիջոցն ավելի արդյունավետ է, քան իզոնիազիդը՝ Բրազիլիայի առողջապահական համակարգում կիրառվող հիմնական հակաբիոտիկներից մեկը։ Փորձի ընթացքում կենդանիների թոքերում տուբերկուլոզի բակտերիաներն ամբողջությամբ ոչնչացվել են մեկ ամսվա ընթացքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ տուբերկուլոզը շարունակում է մնալ աշխարհում ամենամահաբեր բակտերիալ վարակը։ Առանց բուժման հիվանդությունը մահվան է հանգեցնում դեպքերի մոտ կեսի ժամանակ։ Մինչդեռ ստանդարտ թերապիան մի քանի հակաբիոտիկների ամենօրյա ընդունում է պահանջում առնվազն վեց ամիս շարունակ, իսկ բակտերիաների կայունության դեպքում բուժման կուրսը կարող է տևել մինչև երկու տարի։

Գիտնականները նշում են, որ տևական բուժումը հաճախ հանգեցնում է նրան, որ պացիենտները ժամկետից շուտ են դադարեցնում դեղամիջոցների ընդունումը: Սա նպաստում է բակտերիաների մոտ դեղորայքային կայունության ձևավորմանը և բարդացնում հետագա թերապիան:

Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ դեղամիջոցը դեռ միայն նախակլինիկական փորձարկումներ է անցել: Այնուամենայնիվ, եթե դրա անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատվեն նաև կլինիկական հետազոտությունների ընթացքում, նոր տեխնոլոգիան կարող է զգալիորեն կրճատել տուբերկուլոզի բուժման տևողությունը և նվազեցնել հակաբիոտիկակայունության զարգացման ռիսկը: