Տևական կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ մուլտիվիտամինների կանոնավոր ընդունումը կարող է դանդաղեցնել կենսաբանական ծերացումը։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ վերլուծելով շուրջ հազար տարեց մասնակիցների տվյալները։ Աշխատությունը հրապարակվել է Nature Medicine ամսագրում։
Վերջին տարիներին գիտնականների շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում վիտամինային հավելումների օգտակարության շուրջ։ Շուկայում ներկայացված են ավելի քան 100 հազար տարբեր սննդային հավելումներ, սակայն կյանքի տևողության վրա դրանց ազդեցությունը վիճահարույց է մնում։ Որոշ հետազոտություններ փաստում են, որ վիտամինները չեն երկարացնում կյանքը, բայց կարող են որոշակի օգուտ տալ առողջությանը տարեց հասակում։
COcoa Supplement and Multivitamin Outcomes Study (COSMOS) նախագծի շրջանակում գիտնականները հետևել են մոտ 1000 մասնակցի, որոնց միջին տարիքը կազմել է շուրջ 70 տարեկան։ Կամավորներին պատահականության սկզբունքով բաժանել են խմբերի. ոմանք ամեն օր ընդունել են մուլտիվիտամինային-հանքային համալիր, մյուսները՝ կակաոյի ֆլավանոլների էքստրակտ, իսկ երրորդ խումբը ստացել է պլացեբո։
Երկու տարի անց հետազոտողները համեմատել են մասնակիցների կենսաբանական ծերացման ցուցանիշները այսպես կոչված էպիգենետիկ «ժամացույցների» միջոցով. սրանք մեթոդներ են, որոնք գնահատում են օրգանիզմի տարիքը՝ ըստ ԴՆԹ-ի փոփոխությունների։
Արդյունքները ցույց են տվել, որ մուլտիվիտամիններ ընդունող մարդկանց մոտ ծերացումն ավելի դանդաղ է ընթացել։ Փոփոխություններն արձանագրվել են երկու էպիգենետիկ մոդելների՝ PCPhenoAge-ի և PCGrimAge-ի միջոցով։ Գիտնականների հաշվարկներով՝ մուլտիվիտամինների ընդունումը կապված է եղել կենսաբանական տարիքի նվազման հետ՝ տարեկան մոտ 0,113 տարով՝ ըստ PCGrimAge սանդղակի, և 0,214 տարով՝ ըստ PCPhenoAge սանդղակի։
Գիտնականները նաև լրացուցիչ դրական ազդեցություններ են հայտնաբերել։ Մուլտիվիտամիններ ընդունող մասնակիցների մոտ նկատվել է բորբոքային ցուցանիշների և կոգնիտիվ ֆունկցիաների բարելավում։
Ծերացման առավել նկատելի դանդաղում է գրանցվել այն մարդկանց մոտ, ովքեր մինչ հետազոտության սկիզբը ունեցել են արագացված կենսաբանական ծերացման նշաններ: Սա կարող է նշանակել, որ մուլտիվիտամինները օգնում են լրացնել սննդանյութերի թաքնված դեֆիցիտը:
Այնուամենայնիվ, աշխատության հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ: Չնայած էպիգենետիկ մարկերների փոփոխությունները հուսադրող են թվում, դեռևս հայտնի չէ, արդյոք դա կհանգեցնի կյանքի տևողության իրական երկարացման կամ երկարաժամկետ հեռանկարում առողջության բարելավմանը, թե ոչ:






