Պարբերաբար գիտակցված երազներ տեսնող մարդիկ կարող են օժտված լինել ուղեղի հատուկ կառուցվածքով։ Նման եզրակացության են եկել հետազոտողները՝ պարզելով, որ երազում սեփական անձը գիտակցելու հակվածությունը կապված է ինտեգրված նեյրոնային ցանցերի հետ, որոնք պատասխանատու են ինքնագիտակցության, երևակայության և կոգնիտիվ վերահսկողության համար։ Աշխատությունը հրապարակվել է Journal of Sleep Research (JSR) ամսագրում։
Գիտակցված երազներն առաջանում են, երբ մարդը հասկանում է, որ քնած է և երազ է տեսնում, իսկ երբեմն նույնիսկ կարողանում է կառավարել երազում տեղի ունեցող իրադարձությունները։ Նախկինում գիտնականներն ուսումնասիրել էին նման վիճակների ժամանակ ուղեղի ակտիվությունը, սակայն անատոմիական առանձնահատկությունները, որոնք կարող են կապված լինել գիտակցված երազներ տեսնելու ունակության հետ, քիչ էին ուսումնասիրված։
Հետազոտությանը մասնակցել է 30 առողջ չափահաս կամավոր՝ 15 տղամարդ և 15 կին, որոնց միջին տարիքը մոտ 26 տարեկանն է եղել։ Սկզբում մասնակիցները լրացրել են քնի սովորությունների մասին մանրամասն հարցաթերթիկները՝ նշելով, թե որքան հաճախ են հիշում սովորական երազները և որքան հաճախ են գիտակցված երազներ ունենում։
Դրանից հետո գիտնականներն ուղեղի բարձր ճշգրտության սկանավորում են իրականացրել՝ կառուցվածքային մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) միջոցով։ Հետազոտողները վերլուծել են ուղեղի հյուսվածքի երկու տեսակ՝ գորշ նյութը, որտեղ տեղի է ունենում տեղեկատվության մշակումը և սպիտակ նյութը, որը պատասխանատու է ուղեղի տարբեր հատվածների միջև ազդակների փոխանցման համար։
Տվյալների վերլուծության համար կիրառվել են մեքենայական ուսուցման մեթոդներ։ Ալգորիթմը բացահայտել է ուղեղի այն հատվածների ցանցերը, որոնց կառուցվածքը տարբեր մարդկանց մոտ փոփոխվում է համաձայնեցված կերպով։
Արդյունքում գիտնականները հայտնաբերել են մի ցանց, որը ներառում է ինչպես գորշ, այնպես էլ սպիտակ նյութը և կապված է գիտակցված երազների հաճախականության հետ։ Այն միավորում է ճակատային, քունքային և գագաթային բլթերի հատվածները, ինչպես նաև ուղեղիկը։ Այս կառույցները մասնակցում են ինքնաանդրադարձի, մտապատկերների ստեղծման և ուշադրության կառավարման գործընթացներին։
Հետազոտողների խոսքով՝ առանձնահատուկ կարևոր դեր է խաղում ուղեղի այն հատվածը, որը կոչվում է պրեկունեուս։ Այն գտնվում է ուղեղի հետին մասում և կապված է ներքին մտային գործընթացների ու տեսողական երևակայության հետ։
Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են գիտակցված երազների հետ կապված ևս մեկ ցանց, որը ներառում է միայն գորշ նյութը: Այն տեղակայված է ուղեղի տեսողական և ուշադրության հատվածներում, օրինակ՝ սեպաձև գալարում: Ենթադրվում է, որ այս համակարգն օգնում է երազում ձևավորել վառ տեսողական պատկերներ՝ առանց իրական լույսի ներհոսքի։
Հետազոտողների խոսքով՝ այս արդյունքները մատնանշում են, որ գիտակցված երազներ տեսնելու ունակությունը կարող է կապված լինել ուղեղի առանձնահատուկ նեյրոանատոմիական կառուցվածքի հետ։
Ապագայում գիտնականները ծրագրում են ստուգել, թե արդյոք գիտակցված երազների մարզումը ժամանակի ընթացքում կարող է փոխել ուղեղի կառուցվածքը։ Այս վիճակի մեխանիզմների հասկացումը կարող է օգնել մշակել քնի խանգարումների, օրինակ՝ քրոնիկ մղձավանջների և հետվնասվածքային սթրեսային խանգարումների բուժման նոր մեթոդները։






