Քնի խանգարումներ ունեցող մարդկանց համար քնաբերների վնասակար լինելու մասին տարածված կարծիքը սխալ է դուրս եկել։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նման դեղամիջոցները միշտ չէ, որ վատթարացնում են օբստրուկտիվ քնի ապնոե (վիճակ, որի դեպքում շնչառությունը քնի ընթացքում ժամանակավորապես` 5 վայրկյան կամ ավելի կանգ է առնում -խմբ.) ունեցող բուժառուների վիճակը։

Նման եզրակացությանն են հանգել գիտնականները, որոնք վերլուծել են կլինիկական փորձարկումների արդյունքները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Psychiatry and Clinical Neurosciences բժշկագիտական ​​հանդեսում։

Օբստրուկտիվ քնի ապնոէն տարածված խանգարում է, որի դեպքում քնի ընթացքում շնչուղիները պարբերաբար խցանվում են։ Դա հանգեցնում է արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի և հաճախակի արթնացումների։ Նման խանգարումից տառապող շատ մարդիկ նաև անքնություն են ունենում, որը հայտնի է որպես COMISA։ Այն մտահոգությունների պատճառով, որ քնաբերները կարող են վատթարացնել շնչառությունը, բժիշկները նման բուժառուներին երկար ժամանակ այդ դեղամիջոցները չափազանց զգուշությամբ են նշանակել։

Նոր վերլուծության մեջ հետազոտողները համեմատել են 12 տարբեր դեղամիջոցներ՝ հետազոտելով 32 պատահականացված կլինիկական փորձարկումների տվյալները։ Նրանք գնահատել են դեղամիջոցների ազդեցությունը քնի կառուցվածքի, շնչառական ցուցանիշների և բուժման տանելիության վրա։

Արդյունքները ցույց են տվել, որ շատ դեպքերում քնաբերները զգալիորեն չեն վատթարացրել շնչառական առանցքային պարամետրերը, այդ թվում՝ ապնոէ-հիպոպնեայի ինդեքսը։

Ընդսմին, գիտնականները նշում են, որ տարբեր դեղամիջոցները կարող են տարբեր ազդեցություններ ունենալ։ Օրինակ, թեմազեպամը կապված էր քնի ընթացքում թթվածնի մակարդակի նվազման հետ։ Հետազոտության հեղինակների կարծիքով, դա հաստատում է անհատական ​​մոտեցման անհրաժեշտությունը. դեղամիջոցի ընտրությունը պետք է կախված լինի մարդու անքնության ախտանիշներից և շնչառական առանձնահատկություններից։