Գիտնականների միջազգային խումբը ցույց է տվել, որ փոքր տարիքում սթրեսը կարող է մեծացնել ստամոքս-աղիքային հիվանդությունների առաջացման ռիսկը կյանքի ուշ շրջանում։ Աղիների գործառույթի և սիմպաթիկ նյարդային համակարգի փոփոխությունները կարևոր դեր են խաղում։ Հետազոտությունը հրապարակվել է Gastroenterology (GE) բժշկագիտական հանդեսում։

Գիտնականները հետազոտել են այսպես կոչված «աղիք-ուղեղ առանցքը»՝ նյարդային համակարգի և մարսողության միջև մշտական հաղորդակցության համակարգը։ Այդ համակարգի խանգարումներն ի վիճակի են հանգեցնել գրգռված աղիքի համախտանիշի, որովայնի ցավի, փորկապության և փորլուծության։

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ հետազոտողները մոդելավորել են փոքր տարիքում սթրեսը՝ ժամանակավորապես ձագերին բաժանելով մայրերից։ Չափահաս տարիքում այդ կենդանիներն ավելի հաճախ անհանգիստ վարքագիծ, աղիքային ցավ և աղիքային շարժունակության խանգարում էին ցուցաբերում։ Ընդ որում, ախտանիշները տարբերվում էին կախված սեռից. Էգերի շրջանում ավելի հաճախ փորլուծություն էր նկատվում, մինչդեռ արուների շրջանում ավելի հաճախ փորկապություն էր գրանցվում։

Լրացուցիչ փորձերը ցույց տվեցին, որ տարբեր ախտանիշներ կապված էին տարբեր կենսաբանական մեխանիզմների հետ։ Օրինակ, սիմպաթիկ նյարդային համակարգի ազդանշաններն ազդում էին աղիքային շարժունակության վրա, բայց ոչ ցավի վրա, մինչդեռ սեռական հորմոններն, ընդհակառակը, կապված էին ցավի զգացողությունների հետ։ Սերոտոնինը ներգրավված էր երկու գործընթացներում էլ։

Այդ կենդանիների արդյունքները հաստատվել են մարդկանց վրա կատարված հետազոտություններով: Մեկ հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Դանիայում ավելի քան 40 հազար երեխաների տվյալներ: Պարզվել է, որ հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո չբուժված դեպրեսիա ունեցող մայրերի երեխաներն ավելի հակված են մարսողական խնդիրներ զարգացնելու, դրանց թվում՝ կոլիկա (մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տևող աղիքային ցավ, կարող է առաջանալ նաև աղիքներում գազերի կուտակումից -խմբ.), փորկապություն, սրտխառնոց և գրգռված աղիքի համախտանիշ:

Միացյալ Նահանգներում գրեթե 12 հազար երեխաների տվյալների վրա հիմնված երկրորդ հետազոտությունը ևս կապ է հայտնաբերել մանկության անբարենպաստ հոգեկան ապրումների՝ մասնավորապես՝ բռնությունը, անտեսումը կամ ծնողների հոգեկան առողջության խնդիրները, և ստամոքս-աղիքային խանգարումների բարձր ռիսկի միջև:

Հեղինակներն ընդգծում են, որ այդ արդյունքները կարող են օգնել ավելի նպատակային բուժումներ մշակել: Տարբեր ախտանիշներ պահանջում են միջամտություններ՝ տարբեր կենսաբանական մեխանիզմները լուծելու համար, ինչը նշանակում է, որ չկա միասնական մոտեցում բոլորի համար:

Ավելին, գիտնականները նշում են, որ ախտորոշում կատարելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն բուժառուի ներկայիս սթրեսի մակարդակը, այլև նրա մանկության փորձառությունները, քանի որ հիվանդությունների զարգացման գործում դրանք կարող են կարևոր դեր խաղալ: