Գիտնականները մշակել են կենսատեխնոլոգիական նոր մոտեցում, որը թույլ է տալիս պլաստիկի թափոնները վերածել Պարկինսոնի հիվանդության բուժման դեղամիջոցի՝ լեւոդոպայի (L-DOPA), որը այդ նեյրոդեգեներատիվ հիվանդության բուժման հիմնական միջոցներից է։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Sustainability ամսագրում, ցույց է տալիս գենետիկորեն մոդիֆիկացված մանրէների օգտագործման հնարավորությունը պլաստիկը դեղաբանական նշանակություն ունեցող նյութի վերածելու համար։

Մեթոդի հիմքում ընկած է պոլիէթիլենտերեֆտալատի (PET) վերամշակումը, դա լայնորեն տարածված պլաստիկ է, որն օգտագործվում է ըմպելիքների եւ մթերքների փաթեթներում։ Սկզբում պլաստիկը տրոհվում է մինչեւ տերեֆտալաթթու, ինչից հետո Escherichia coli մանրէի հատուկ մոդիֆիկացված շտամները այդ միացությունը վերափոխում են լեւոդոպայի՝ կենսաքիմիական ռեակցիաների շարքի միջոցով։

Մշակված համակարգը բաղկացած է երկու փոխգործակցող միկրոբային շտամներից, ինչը թույլ է տվել հաղթահարել կարեւոր կենսաքիմիական սահմանափակումները։ Մի շտամը պատասխանառու է ելակետային նյութի՝ միջանկյալ միացությունների վերափոխման համար, իսկ երկրորդը ավարտում է լեւոդոպայի սինթեզը։ Այս մոտեցումը օգնել է խուսափել ֆերմենտների ինհիբացումից եւ բարձրացնել պրոցեսի արդյունավետությունը։ Օպտիմալացված պայմաններում հաջողվել է հասնել միջոցի խտացման՝ մեկ լիտրում մոտ 5 գրամ, ինչը վկայում է մեթոդի բարձր արդյունավետության մասին փորձնական մակարդակում։

Լրացուցիչ փորձերը ցույց են տվել, որ տեխնոլոգիան աշխատում է ոչ միայն մաքուր քիմիական նյութերով, այլեւ իրական թափոններով, ներառյալ պլաստիկի շշերի օգտագործումը։ Որոշ դեպքերում վերափոխման գործակիցը հասել է մոտ 50 տոկոսի, իսկ լեւոդոպայի ստացված քանակությունը բավական է եղել մի քանի թերապեւտիկ չափաբաժինների համար հիվանդության վաղ փուլում։

Հետազոտողներն ընդգծել են, որ լեւոդոպայի ավանդական արտադրությունը հիմնված է նավթաքիմիական հումքի վրա եւ պահանջում է էներգատար պրոցեսներ՝ թափոնների առաջացմամբ։ Նոր մեթոդը առաջարկում է ավելի կայուն այլընտրանք՝ թույլ տալով միաժամանակ  լուծել պլաստիկից աղտոտման խնդիրը եւ նվազեցնել դեղագործական արդյունաբերության կախվածությունը հանածո ռեսուրսներից։