Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային որոշակի բակտերիաները կապված են մարդկանց մոտ մկանային մեծ ուժի, իսկ մկների մոտ՝ ֆիզիկական աշխատունակության բարելավման հետ։ Այս մասին հայտնում է The Conversation-ը։
Գիտնականները պարզել են, որ աղիքային միկրոբիոմում առկա Roseburia inulinivorans բակտերիայի տեսակը դրականորեն է կապված ուժային ցուցանիշների, այդ թվում՝ տարբեր տարիքի չափահաս մարդկանց ձեռքի սեղմման ուժի հետ։
Ընդ որում, այն տարեց մասնակիցների մոտ, որոնց օրգանիզմում առկա է եղել այս մանրէն, ձեռքի սեղմման ուժը մոտ 29%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ում մոտ բակտերիան չի հայտնաբերվել։
Մկների վրա կատարված հավելյալ փորձերը ցույց են տվել, որ բնական միկրոֆլորայի ճնշումից հետո R. inulinivorans-ի ավելացումը հանգեցրել է առջևի վերջույթների ուժի զգալի աճի և մկանային թելերի չափսերի մեծացման՝ ստուգիչ խմբի համեմատ։
Հետազոտողները նշում են, որ սովորական պայմաններում բակտերիաներն ինքնուրույն չեն գաղութացրել մկների աղիքները և անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ հասկանալու համար, թե որքանով է այս կապը պատճառահետևանքային մարդկանց պարագայում:
Այնուամենայնիվ, արդյունքները հաստատում են այսպես կոչված «աղիք-մկաններ առանցքի» հայեցակարգը և հիմք են տալիս պրոբիոտիկ ռազմավարությունների համար R. inulinivorans-ը որպես հեռանկարային թեկնածու դիտարկելու համար, քանի որ դրանք ուղղված են տարիքի հետ մկանային ուժի պահպանմանը:
Աղիքային միկրոբիոտայի և մկանների ֆունկցիաների միջև կապը նախկինում ևս քննարկվել է գիտական գրականության մեջ՝ ցույց տալով, որ միկրոբիոտայի կազմը կարող է ազդել նյութափոխանակության և կմախքային մկանների մետաբոլիզմի վրա:






