Քաշի կորստի միջոցների պահանջարկի աճին զուգընթաց, դեղագործական ընկերությունները շտապում են ավելի արդյունավետ և մատչելի տարբերակներ մշակել: Բացի հայտնի ներարկային GLP-1 դեղամիջոցներից, ինչպիսիք են Ozempic-ը, Wegovy-ն և Mounjaro-ն, շուկա են մտնում նոր հաբեր, հաղորդում է Euronews-ը:

Վերջերս անցկացված կլինիկական փորձարկման արդյունքում օրֆորգլիպրոն անունով նոր դեղահաբերի վրա հիմնված դեղամիջոցն ավելի արդյունավետ է եղել, քան այլընտրանքային սեմագլուտիդ հաբը:  

Ըստ The Lancet բժշկագիտական հանդեսում հրապարակված արդյունքների՝ փորձարկման մասնակիցները կորցրել են մարմնի զանգվազծի միջինը 6-8%-ը, առկա հաբերով ձեռք բերված 4-5%-ի համեմատ:

Ներարկային ձևերը մնում են ամենատարածված արտադրանքները նիհարեցման համար: Դրանք հասանելի են 2014 թվականից և վերջին տարիներին զգալիորեն աճել են իրենց ժողովրդականությամբ:

Թերապիան ավելի մատչելի և հարմար դարձնելու նպատակով արտադրողները դեղահաբերի վրա հիմնված դեղամիջոցներ են մշակում:

Օրֆորգլիպրոնը օրական դեղահաբ է, որը կարելի է ընդունել առանց սննդի կամ հեղուկի որևէ սահմանափակման։ Eli Lilly-ն այն օգտագործում է Novo Nordisk-ի հետ մրցակցելու համար, որն այժմ ունի շուկայում առկա միակ GLP-1 դեղահաբի հաստատումը։

Ընկերությունը մշակել է նաև Zepbound և Mounjaro՝ համապատասխանաբար ներարկային դեղամիջոցներ՝ երկարատև քաշի կառավարման և 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար։

Օրֆորգլիպրոնը դեռևս չի ստացել շուկայավարման հաստատում և գտնվում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության (FDA) հետազոտման փուլում։

Eli Lilly-ն հայտարարել է, որ հաստատման դեպքում ԱՄՆ-ում ճարպակալումից տառապողները կկարողանան ստանալ օրֆորգլիպրոն՝ սկսած 149 դոլարից (125,92 եվրո) նվազագույն դեղաչափի համար, իսկ ավելի բարձր դեղաչափերը կարժենան մինչև 399 դոլար (337 եվրո), եթե ապահովագրությունը չի ծածկվում։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1600 մարդ՝ հինգ երկրների ավելի քան 130 ուսումնական կենտրոններից։

Բոլոր մասնակիցներն ունեին 2-րդ տիպի շաքարախտ և պատահականութան սկզբունքով նշանակվել էին մեկ տարվա ընթացքում օրֆոգլիպրոնի տարբեր դեղաչափեր՝ 12 մգ, 36 մգ կամ սեմագլուտիդի համարժեք դեղաչափեր ստանալու համար։

Օրֆոգլիպրոն ընդունող մասնակիցների մոտ 60%-ը կորցրել է իրենց մարմնի քաշի առնվազն 5%-ը՝ սեմագլուտիդ ընդունողների մոտ 40%-ի համեմատ։

Օրֆոգլիպրոն ընդունող մասնակիցների մոտ 28-44%-ը կորցրել է իրենց մարմնի զանգվածի 10%-ը կամ ավելին՝ սեմագլուտիդ ընդունողների 13-21%-ի համեմատ։

2-րդ տիպի շաքարախտով բուժառուների շրջանում քաշի 5-10%-ի կորուստը կարող է բարելավել արյան մեջ գլյուկոզի կառավարումը։ Հետազոտության մեջ նշվում է, որ ավելի զգալի քաշի կորուստը օգնում է նվազեցնել շաքարախտի բարդությունների վտանգը։

Արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնելու հարցում օրֆոգլիպրոնը նաև ավելի արդյունավետ էր, քան սեմագլուտիդը։

«Որքան ավելի արդյունավետ դեղահաբեր ունենանք 2-րդ տիպի շաքարախտով մարդկանց նիհարել և պահպանել քաշը օգնելու համար, այնքան լավ»,- ասում է Գլազգոյի համալսարանի կարդիոմետաբոլիկ բժշկության պրոֆեսոր Նավիդ Սաթարը, որը չէր մասնակցում հետազոտությանը։

«Ավելորդ քաշը 2-րդ տիպի շաքարախտի հիմնական ռիսկի գործոն է, և այն միաժամանակ նպաստում է բարձր արյան ճնշմանը և լիպիդային նյութափոխանակության խանգարումներին»,- ավելացրեց Սաթարը։

Թեև օրֆորգլիպրոնի կիրառումը հանգեցրել է ավելի մեծ քաշի կորստի, մասնակիցները հայտնել են ավելի շատ կողմնակի ազդեցությունների մասին։

Մասնակիցների մոտավորապես 9-10%-ը ստիպված էր դադարեցնել բուժումը ստամոքս-աղիքային խնդիրների պատճառով, սեմագլուտիդ ստացողների մոտ 5%-ի համեմատ։

Քեմբրիջի համալսարանի մարմնի զանգվածի կառավարման հետազոտող և բժիշկ Մարի Սփրեքլին, որը չէր մասնակցում հետազոտությանը, նշել է, որ անբարենպաստ ազդեցությունները փորձարկումներից դուրս կարող են խոչընդոտել դեղամիջոցի հանդուրժողականությանը իրական կլինիկական պրակտիկայում։

«Փորձարկումը տևեց մեկ տարի և կենտրոնացավ գլիկեմիկ վերահսկողության և քաշի կորստի վրա, ուստի երկարաժամկետ անվտանգությունը, սրտանոթային արդյունքները և ազդեցության պահպանումը թեև կարևոր են, սակայն դեռևս անպատասխան է մնում»,- հավելել է Սփրեքլին։