23 °C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում 20 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան ավելի շոգ եղանակին։ Նման եզրակացության են եկել Սինայ լեռան Իկանի բժշկական դպրոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Cardiology (AJPC) ամսագրում:
Հետազոտողները վերլուծել են սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ավելի քան 14 միլիոն դեպք ԱՄՆ-ի 819 շրջանների 25 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Վերլուծության մեջ ներառվել են 2000-ից 2020 թվականների տվյալները, որոնք ընդգրկում են երկրի բնակչության շուրջ 80%-ը։ Գիտնականները համադրել են մահացության վիճակագրությունը տեղի ջերմաստիճանային տվյալների հետ և գնահատել, թե ինչպես է «օպտիմալ» ցուցիչից ջերմաստիճանի շեղումն ազդում մահվան ռիսկի վրա:
Վերլուծությունը ցույց է տվել, որ սիրտ-անոթային հիվանդություններից նվազագույն մահացություն նկատվում է մոտավորապես 23 °C-ի պայմաններում։ Երբ ջերմաստիճանը շեղվում է այս ցուցանիշից, ռիսկը մեծանում է, սակայն ցուրտն դրա վրա զգալիորեն ավելի ուժեղ է ազդում, քան շոգը:
Գիտնականների գնահատմամբ՝ 23 °C-ից ցածր ջերմաստիճանը տարեկան կապված է մոտ 40 հազար մահվան հետ, ինչը կազմում է սիրտ-անոթային հիվանդություններից առաջացած մահերի մոտ 6,3%-ը: Միևնույն ժամանակ, ավելի բարձր ջերմաստիճանները տարեկան ասոցացվում են մոտ երկու հազար մահվան ելքի հետ (մոտ 0,33%):
«Երկու տասնամյակի կտրվածքով ցուրտ եղանակի պատճառով մահացել է մոտ 800 հազար մարդ, իսկ շոգի պատճառով մոտ 40 հազար: Սիրտ-անոթային հիվանդություններից յուրաքանչյուր 16 մահից մեկը կապված է ցուրտ եղանակի հետ, մինչդեռ շոգի ազդեցությունը նկատվում է մոտավորապես 300 դեպքից միայն մեկում», — հաշվարկել են գիտնականները:
Գիտնականները նշում են, որ ցուրտը կարող է մեծացնել սրտի ծանրաբեռնվածությունը մի քանի եղանակով։ Ցածր ջերմաստիճանը առաջացնում է արյունատար անոթների սեղմում և զարկերակային ճնշման բարձրացում։ Բացի այդ, ձմռանը մարդիկ ավելի հաճախ են ենթարկվում կտրուկ ֆիզիկական ծանրաբեռնվածության, օրինակ՝ ձյուն մաքրելիս, ինչը սրտային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում կարող է ինֆարկտի կամ ինսուլտի խթանիչ դառնալ։






