Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հիշողության տարիքային անկումը կարող է կապված լինել ոչ միայն ուղեղի, այլև աղիքներից եկող ազդանշանների հետ: Տարիքի հետ աղիքային միկրոբիոմի փոփոխությունները կարող են խաթարել «աղիք-ուղեղ» կապի կարևոր ուղիները, ինչը հանգեցնում է ճանաչողական ֆունկցիաների վատթարացմանը:

Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները պարզել են, որ մկների մոտ ծերացող մարսողական համակարգի արտադրած մոլեկուլները խանգարում են հիշողության համար պատասխանատու ուղեղային շղթաների աշխատանքին: Աղիքներում թափառող նյարդի հետ կապված հատուկ զգայական նեյրոնների խթանումը թույլ է տվել տարեց մկներին վերականգնել ավելի երիտասարդ ճանաչողական ակտիվությունը։

Փորձերը ցույց են տվել, որ ծեր մկների միկրոբիոմի փոխպատվաստումը երիտասարդներին վատթարացրել է վերջիններիս հիշողությունը, իսկ հակաբիոտիկների օգնությամբ միկրոբիոմի հեռացումը վերականգնել է ճանաչողական ֆունկցիաները: Առանց միկրոբիոմի մեծացած մկները տարիքի հետ հիշողության անկման դանդաղում են դրսևորել, ինչն ընդգծում է ճանաչողական ֆունկցիաների տարիքային փոփոխությունների վրա աղիքային միկրոօրգանիզմների ազդեցությունը:

Այս արդյունքները մատնանշում են, որ «աղիք-ուղեղ» կապի ուղիների և միկրոբիոմի վրա ներազդումը կարող է հիշողության տարիքային կորստի կանխարգելման կամ նույնիսկ դրա հետշրջման հեռանկարային միջոց դառնալ։