Գայլուկում (հմուլ) պարունակող միացություններն ի վիճակի են բարելավել ճարպերի նյութափոխանակությունն օրգանիզմում՝ իջեցնելով տրիգլիցերիդների և «վատ» խոլեստերինի մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով «լավ» խոլեստերինի մակարդակը։

Նման եզրակացության են հանգել Ժեշովի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients հանդեսում։

«Գայլուկը (Humulus lupulus L.) նախ և առաջ հայտնի է որպես գարեջրի բաղադրիչ, սակայն պարունակում է մի շարք կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կարող են ազդել նյութափոխանակության և NF-κB, Nrf2, AMPK, MAPK, PPAR և PI3K/AKT/mTOR ազդանշանային ուղիների վրա։

Այդ նյութերն ի վիճակի են նվազեցնել տրիգլիցերիդների՝ արյան մեջ շրջանառվող ճարպերի կոնցենտրացիան, ինչպես նաև ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը, որոնք հաճախ կոչվում են «վատ» խոլեստերին»,- նշել են գիտնականները։

Հեղինակների տվյալներով՝ այդ ազդեցությունները կապված են ճարպերի մշակման և օրգանզիմի էներգետիկ հաշվեկշռի կարգավորման մեջ ներգրավված ֆերմենտների և ընկալիչների վրա ազդեցության հետ։

Գայլուկի որոշ բաղադրիչներ ընդունակ են միաժամանակ նվազեցնել բորբոքումը և օքսիդատիվ սթրեսը՝ վիճակ, որի դեպքում ռեակտիվ թթվածնային տեսակները կուտակվում են բջիջներում և հյուսվածքների վնասման հանգեցնում։

Բացի դրանից, մի քանի փորձերի արդյունքում նկատվել է ինսուլինի նկատմամբ զգայունության բարելավում։ Դա նշանակում է, որ օրգանզիմի բջիջներն ավելի լավ են արձագանքում ինսուլին հորմոնին և ավելի արդյունավետորեն օգտագործում են արյան մեջ գլյուկոզը։

Այդ մեխանիզմի խափանումը համարվում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հիմնական գործոն։ Հետազոտությունները միաժամանակ նշել են ճարպի կուտակման նվազում, հատկապես սննդային անբավարարության դեպքերում։

Հեղինակներն ընդգծում են, որ նման հետազոտությունները գլխավորապես կենտրոնանում են լաբորատոր փորձերի և փոքր կլինիկական դիտարկումների վրա։ Գայլուկի արդյունավետությունն իրական աշխարհում կարող է կախված լինել չափքանակից, սպառման եղանակից և օրգանզիմի առանձնահատկություններից։

Ընդսմին, ստացված տվյալները ենթադրում են, որ այդ բույսը կարող է համարվել նյութափոխանակության առողջությունը պահպանելու պոտենցիալ բնական բաղադրիչ։