Մարդիկ, որոնք ավելի միապաղաղ են սնվում և հավատարիմ մնում կայուն կալորիականությանը, ավելի արդյունավետորեն են քաշգցում, քան նրանք, ովքեր մշտապես փոխում են իրենց օրաբաժինը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային թիմը։ Հետազոտությունը հրապարակվել է Health Psychology բժշկագիտական հանդեսում:

Հետազոտությունն անցկացվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (American Psychological Association) հովանու ներքո։ Դրան մասնակցում էին ավելորդ քաշից կամ ճարպակալումից տառապող 112 չափահասներ, որոնք 12 շաբաթ տևողությամբ քաշի կորստի ծրագիր էին ավարտել։ Մասնակիցները գրանցում էին իրենց բոլոր կերակուրները բջջային հավելվածում և ամեն օր կշռվում էին։

«Առողջ սննդակարգի պահպանումը ժամանակակից միջավայրում հետևողական ջանքեր և ինքնատիրապետում է պահանջում։ Կայուն սննդային սովորությունների ձևավորումն ի վիճակի է նվազեցնել այդ բեռը և առողջ ընտրություններն առավել ինքնաբերաբար դարձնել»,- եզրակացրել է հետազոտության առաջատար հեղինակ Շառլոտ Հագերմանը Օրեգոնի առողջապահության և գիտության ինստիտուտից։

Գիտնականները գնահատել են երկու հիմնական ցուցանիշ՝ կալորիականության կայունությունը (որքանով է կալորիաների ընդունումը փոխվում օրեցօր) և օրաբաժնի կրկնությունը (որքան հաճախ է մարդն ուտում միևնույն կերակուրները)։

Արդյունքները ցույց են տվել, որ ավելի միապաղաղ ճաշացանկ ունեցող մասնակիցները միջինում կորցրել են իրենց մարմնի զանգվածի 5,9%-ը, այն դեպքում, երբ նրանք, ովքեր ավելի հաճախ են փոփոխել իրենց ճաշացանկը, միջինում կորցրել են իրենց մարմնի զանգվածի 4,3%-ը: Բացի դրանից, կալորիաների տատանումները ևս դեր են խաղացել. տատանումների յուրաքանչյուր 100 կկալ-ի աճը նիհարեցման արդյունավետությունը նվազեցրել է մոտավորապես 0,6%-ով:

Հեղինակները դա բացատրեցին նրանով, որ սննդի ընտրության պարզեցումը նպաստում է կայուն սովորությունների ձևավորմանը: Երբ օրաբաժինը կանխատեսելի է, մարդու համար ավելի հեշտ է հետևել ծրագրին և չշեղվել սննդակարգից:

Հետաքրքիր է, որ հանգստյան օրերին ավելի շատ կալորիաներ օգտագործող մասնակիցները ևս ավելի արդյունավետորեն են քաշը կորցրել: Գիտնականները դա վերագրել են սննդի ավելի մանրակրկիտ օրագրի վարմանը. հանգստյան օրերին մարդիկ ավելի հաճախ են մոռանում գրանցել կերակուրը, որ ավելի բարձր ցուցանիշները պարզապես կարող են օրագրում սննդի ավելի ճշգրիտ հաշվառում արտացոլել:

Հեղինակները նշել են, որ օրաբաժնի բազմազանությունը նախկինում կապված է եղել առողջության համար օգտակար լինելու հետ, սակայն դա հիմնականում վերաբերում էր դրանցում պարունակող առողջ սննդի բազմազանությանը, օրինակ՝ մրգերին և բանջարեղենին: Այսօրվա կալորիականությամբ գերբեռնված սննդի պայմաններում ավելի պարզ, ավելի կրկնվող ճաշացանկը կարող է ավելի պրակտիկ լինել: