Նոր կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը Solriamfetol (սոլրիամֆետոլ) կարող է զգալիորեն բարելավել վաղ առավոտյան հերթափոխներին աշխատող մարդկանց վիճակը։
Փորձն իրականացրել են Mass General Brigham բժշկական համակարգի հետազոտողները, նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են NEJM Evidence ամսագրում։ Փորձին մասնակցել է հերթափոխային աշխատանքով զբաղվող եւ քնի խանգարում ունեցող 78 մարդ։
Չորս շաբաթ անց պակասել է դեղամիջոցն ստացած մասնակիցների քնատության զգացումը, նրանք ավելի երկար են պահպանել առույգությունը եւ ցուցադրել են ամենօրյա եւ մասնագիտական ակտիվության բարելավում։
Խոսքն այն վիճակի մասին է, երբ խախտվում են ցիրկադային ռիթմերը՝ մարդու ներքին կենսաբանական ժամացույցը։ Հատկապես խոցելի են նրանք, ովքեր աշխատանքային օրը շատ վաղ են սկսում՝ առավոտյան ժամը մոտ 3-7-ին։ Այդ ժամանակ օրգանիզմը դեռեւս գտնվում է քնի փուլում, ուստի անգամ բարձր մոտիվացիայի պարագայում մարդու համար դժվար է մնալ ուշադիր եւ աշխատունակ։
Այսպիսի ժամանակացույց ունեցող մարդիկ բախվում են երկու խնդրի. մի կողմից՝ արտահայտված քնկոտություն աշխատանքի ժամանակ, մյուս կողմից՝ դժվարություններ՝ կապված լիարժեք վերականգնման հետ հանգստի հասանելի ժամերին։ Արդյունքում՝ նվազում է կենտրոնացումը, վատթարանում է արտադրողականությունը եւ մեծանում է սխալներ թույլ տալու, վնասվածքներ ստանալու եւ ավտոճանապարհային պատահարների վտանգը։
Չնայած չքնելու համար արդեն օգտագործվում են Modafinil-ի (մոդաֆինիլ) տիպի դեղամիջոցներ, դրանք հիմնականում ուսումնասիրվել են գիշերային աշխատողների համար եւ կարող են բացասաբար ազդել հաջորդող քնի վրա։ Հենց այդ պատճառով հետազոտողներն ուշադրություն են դարձրել սոլրիամֆետոլի վրա, որն օգտագործվում է նարկոլեպսիայի եւ քնի օբստրուկտիվ ափնոեի համախտանիշի դեպքում, որը կարող է նպաստել արթուն մնալուն՝ առանց օրվա ընթացքում, ավելի ուշ, քնի արտահայտված խանգարման։
Փորձի արդյունքները ցույց են տվել կլինիկական առումով նշանակալի բարելավում. մասնակիցները կարողացել են մնալ արթուն ութժամյա ողջ հերթափոխի ընթացքում, ինչպես նաեւ ավելի լավ են հաղթահարել առօրյա խնդիրները։ Դա հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով այն, որ վաղ հերթափոխները աշխատանքային ժամանակացույցի ամենատարածված, բայց եւ ամենից քիչ ուսումնասիրված տեսակն են։
Միաժամանակ, հետազոտողներն ընդգծել են, որ արդյունքներն առայժմ սահմանափակվել են չորսշաբաթյա դիտարկմամբ եւ հիմնականում առողջ մեծահասակների խմբով։ Երկարատեւ արդյունավետության եւ անվտանգության գնահատման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։






