Իրանի դեմ պատերազմն սկսել է ազդել ոչ միայն վառելիքի գների, այլեւ դեղամիջոցների մատակարարումների վրա։ Առողջապահության բրիտանական համակարգի ղեկավար Ջիմ Մակքին LBC Radio-ի եթերում հայտնել է իրավիճակի հետ կապված իր անհանգստության մասին։ Մեծ Բրիտանիան, նրա խոսքով, ներմուծում է դեղերի 75 տոկոսը, իսկ որոշ դեղերի պաշարները հաշվարկված են մեկ շաբաթվա կամ անգամ մեկ օրվա համար։
Գերմանիայում առայժմ չեն խոսում վերահաս սպառնալիքի մասին, բայց նաեւ ընդունում են ռիսկերը։ Առողջապահության նախարար Նինա Վարկենը ավելի վաղ նշել էր, որ դեղամիջոցների մատակարարումների զգալի մասն անցնում է Հորմուզի նեղուցով։ Bild-ի տեղեկացմամբ՝ խնդիրներն արդեն անդրադառնում են բազային նյութերի վրա, առանց որոնց անհնար է շատ դեղերի արտադրությունը։
Ճյուղի ներկայացուցիչները նախազգուշացնում են հնարավոր հետեւանքների մասին։
«Պատերազմն Իրանում ազդում է Գերմանիայի դեղագործական արդյունաբերության վրա. շատ դեղեր կախված են այդ տարածաշրջանից բերվող հումքից, հելիումի անբավարարությունը կարող է ձգձգել արտադրության փուլերը, իսկ տրանսպորտային եւ նյութական աճող ծախսերը բեռնվածություն են ստեղծում»,- ասել է Pharma Deutschland ասոցիացիայի ղեկավար Դորոթեա Բրաքմանը։
Առայժմ խոսքը մասշտաբային դեֆիցիտի մասին չէ, բայց, փորձագետների գնահատականներով, հակամարտության երկարաձգման դեպքում խափանումների եւ գնի աճի ռիսկերը կավելանան։






