Սինգապուրի ազգային համալսարանի մասնագետները ստեղծել են կրելի սենսոր, որը շարժվելու ժամանակ չափում է հոգնածության ու սթրեսի մակարդակը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Sensors ամսագրում։
Սովորական ֆիթնես-թրեքերների գլխավոր թերությունն այն է, որ շարժման ժամանակ դրանց ճշգրտությունը կտրուկ ընկնում է. մկանների աշխատանքը «խլացնում» է սրտի թույլ ազդանշանները։ Այս խնդիրը լուծելու համար գիտնականները ստեղծել են հատուկ փափուկ նյութ (մետահիդրոգել), որը կպչում է մաշկին։ Այն կլանում է ավելորդ տատանումներն ու աղմուկը՝ թույլ տալով ստանալ կլինիկական մակարդակի մաքուր պատկեր։
Արհեստական բանականության օգնությամբ համակարգը 92% ճշգրտությամբ որոշում է հոգնածության աստիճանը՝ հիմնվելով սրտի ռիթմի և ճնշման փոփոխությունների վրա։
Հեղինակների կարծիքով՝ այս տեխնոլոգիան հատկապես կարևոր է բարձր ուշադրություն պահանջող մասնագետների համար (վարորդներ, օդաչուներ, բժիշկներ և բարդ տեխնիկայի օպերատորներ)։ Բացի այդ, սարքը կարող է հետևել շնչառությանը, ուղեղի ալիքներին և նույնիսկ աչքերի շարժմանը, ինչը նոր հնարավորություններ է բացում առողջության վերահսկման համար։






