Այս հետազոտության մեջ օգտագործված մոդելային օրգանիզմը՝ Yersinia pseudotuberculosis-ը, որը հայտնի ժանտախտի հարուցիչի «մտերիմ ազգականն» է, ջերմաստիճանի ընկալման իսկական վարպետ է: Այն օգտագործում է շրջակա միջավայրի ջերմաստիճանը որպես ազդանշան՝ տիրոջ օրգանիզմում զով արտաքին պայմաններն ու տաք պայմանները տարբերակելու համար:

Արդեն հայտնի էր, որ ՌՆԹ մոլեկուլներն անմիջականորեն զգում են ջերմաստիճանը, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Fis սպիտակուցը միաժամանակ կարգավորիչ դեր է խաղում ԴՆԹ մակարդակում: «Fis-ը գործում է որպես մոլեկուլային կարգավորիչ՝ տիրոջ օրգանիզմից դուրս 25°C ջերմաստիճանում ճնշելով վիրուսային գեները»,- ասում է Բոխումի Ռուրի համալսարանի մանրէաբանության ամբիոնի պրոֆեսոր Ֆրանց Նարբերհաուսը:

Տաքարյուն տիրոջ օրգանիզմ մտնելուց հետո տեղի է ունենում երկու գործընթաց. մանրէների շարժունակության համար անհրաժեշտ սպիտակուցների արտադրությունը ճնշվում է՝ մարդու իմունային համակարգի հայտնաբերումից խուսափելու համար, և ակտիվանում են վիրուսային գործոնները՝ թուլացնելով օրգանիզմի պաշտպանությունը, գրում է «Научная Россия»  պարբերականը: «Fis սպիտակուցը չունեցող Yersinia շտամով փորձերի ժամանակ մենք 25°C ջերմաստիճանում անսպասելի ֆենոտիպ դիտարկեցինք,- գրում է Նարբերհաուսը: -Բակտերիաները լիովին անշարժ էին և էֆեկտոր սպիտակուցներ էին արտազատում, որոնք սովորաբար վնասակար ազդեցություն ունեն միայն աղիքներում»: Այդ արդյունքները ցույց են տվել, որ Fis-ի բացակայությունը խաթարում է բակտերիաների ոչ ախտածին և ախտածին վիճակների միջև ջերմաստիճանից կախված հավասարակշռությունը։

Այդ արդյունքները ստիպում են խորհել այն  հարցի շուրջ, թե Fis սպիտակուցը չունեցող բակտերիաները վարակի՞չ են արդյոք 25°C ջերմաստիճանում: Բակտերիալ վիրուլենտությունը սովորաբար հետազոտվում է մկների վրա, որոնք, ինչպես մարդիկ, տաքարյուն են: Սակայն այդ մոդելը չի համապատասխանում տարբեր ջերմաստիճաններում վարակի փորձերի համար: Ավելի հարմար այլընտրանք էին ցեցի թրթուրները, որոնք պոյկիլոթերմիկ են (նրանց մարմնի ջերմաստիճանը տատանվում է կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից):

Fis սպիտակուցը չունեցող Yersinia շտամը 25°C ջերմաստիճանում վիրուլենտության (միկրոօրգանիզմի ախտածնության աստիճան -խմբ) աճ ցուցաբերեց: Ի տարբերություն վայրի տեսակի շտամի, այն կարողացավ սպանել թրթուրներին այդքան ցածր ջերմաստիճանում: Դա ցույց է տալիս, որ Fis սպիտակուցը ճնշում է վիրուլենտությունը տիրոջ օրգանզիմից դուրս: Բոխումի հետազոտողները ներկայում փորձում են որոշել այն ճշգրիտ մոլեկուլային մեխանիզմները, որոնց միջոցով Fis-ն իրականացնում է այդ կարգավորիչ վերահսկողությունը։